Հռոմի պապի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 26-ին

Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին պապի հոգու հանգստյան պատարագը կկայանա շաբաթ օրը՝ 2025թ. ապրիլի 26-ին, ժամը 10.00-ին, Սուրբ Պետրոսի հրապարակում, տեղեկացրել է Vatican News-ը։

Կարդինալների քոլեջի դեկան, կարդինալ Ջովանի Բատիստա Ռեն կգլխավորի պատարագը, որը կմատուցեն պատրիարքներ, կարդինալներ, արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ եւ քահանաներ ամբողջ աշխարհից:

Հաղորդության արարողությունը կավարտվի գոհաբանական ու հրաժեշտի եզրափակիչ խոսքով։

Հռոմի հանգուցյալ Ֆրանցիսկոս պապի մարմինն այնուհետեւ կտեղափոխեն Սուրբ Պետրոսի տաճար, հետո Սանտա Մարիա Մաջորեի տաճար՝ հուղարկավորության համար:

Հուղարկավորությունից առաջ Հռոմի պապի դագաղը Կասա Սանտա Մարթա մատուռից կտեղափոխվի Սուրբ Պետրոսի տաճար։

Կարդինալ Քեւին Ֆարելը կգլխավորի արարողությունը չորեքշաբթի՝ ապրիլի 23-ին, որը կսկսվի առավոտյան ժամը 9:00-ի աղոթքով։

Սուրբ Աթոռի մամլո ծառայությունից հայտնել են, որ երթը կանցնի Սանտա Մարթա հրապարակով եւ Հռոմի նահատակների հրապարակով։ Այնուհետեւ երթը զանգակատան միջով դուրս կգա Սուրբ Պետրոսի հրապարակ եւ կենտրոնական դռնով կմտնի Վատիկանի բազիլիկ: Խոստովանական խորանի մոտ կարդինալը կմատուցի Խոսքի պատարագ, որից հետո կսկսվի այցելությունը Հռոմի հովվապետի մարմնին։