«Իսրայելը պետք է եւ կարող է հարվածել Իրանին». Բենի Գանց

Իսրայելի ընդդիմադիր «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Բենի Գանցն արձագանքել է այն լուրերին, թե Իսրայելը հետ է կանչել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու ծրագիրն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է այն եւ ընտրել դիվանագիտական ​​ճանապարհը, գրել է Times of Israel-ը:

«Իրանի վարչակարգը ժամանակի ձգձգման փորձագետ է: «Իսրայել պետությունը պետք է եւ կարող է վերացնել Իրանի միջուկային կարողություն զարգացնելու հեռանկարը»,- գրել է նա X սոցցանցում անգլերեն:

Հրապարակման եբրայերեն տարբերակում Գանցն ուղղակիորեն հայտարարել է, որ Իսրայելը «պետք է եւ կարող է հարվածել Իրանին»։

«Մեր մեծ դաշնակցի՝ ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությամբ եկել է ժամանակը փոխելու իրավիճակը Մերձավոր Արեւելքում»,- ավելացրել է նա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը  եւ Իրանը ներկայում անուղղակի բանակցություններ են վարում։

Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ Թրամփը արգելափակել է Իսրայելի հարվածը Իրանի միջուկային օբյեկտներին եւ կողմ է արտահայտվել բանակցություններին։