ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍՊԱՌՎԱԾ Է

Մեր երկրի քաղաքական դաշտի լղոզվածությունը փաստում է, որ կուսակցական համակարգն այլեւս իրեն չի արդարացնում, հայաստանյան կուսակցությունների մեծ մասն այլեւս դարձել են ոչ կենսունակ:  Դա հետեւանք է տարբեր պատճառների, որոնցից կարելի է նշել նախկին նախագահների օրոք եւ «ձեռամբ» արհեստածին կուսակցությունների ստեղծումը: Փոքր Հայաստանում այսօր գործում է մոտ 117 կուսակցություն, որոնցից մեծ մասին՝ իրենց ղեկավարներով հանդերձ,  հասարակությունը, անգամ, չի էլ ճանաչում:

Ռոբերտ Քոչարյանի  «աճեցրած» օլիգարխ Գագիկ Ծառուկյանը ստեղծեց  կուսակցություն՝ԲՀԿ-ն, որը բացառապես Ծառուկյանի փողերով ապրող կուսակցություն է: Բավական է Ծառուկյանի փողերը հանել այս կառույցի տակից՝ այն կփլուզվի: Այս կուսակցությունը ժամանակին զգալի ներկայացուցիչներ ուներ ՀՀ խորհրդարանում, ովքեր, հիմնականաում փողատերեր էին՝ առանց որեւէ քաղաքական գաղափարախոսության եւ հայացքների, ովքեր  փողի զորությամբ «վայելում» էին նաեւ նաեւ մանդատի «քաղցրությունը»: Իհարկե, այստեղ կային եւ կան նաեւ հատուկենտ գաղափարական մարդիկ: ԲՀԿ-ն հովհարային անջատումներով գործող կուսակցություն է. կարող է դառնալ «թունդ» ընդդիմադիր՝ «զադնի» չդնող, եւ կարող է աննկատ «զադնի» դնել, եթե վտանգվում են կուսակցության առաջնորդի բիզնես շահերն ու ունեցվածքը…

Երկրորդ նախագահի օրոք ստեղծված մյուս փողատեր կուսակցությունը ՄԱԿ-ն էր, որը հայաստանյան քաղաքական դաշտ բերեց ընտրակաշառքի «ավանդույթը»: Հիմա այդ կուսակցության առաջնորդ Գուրգեն Արսենյանը Փաշինյանի թիմակիցն է: Ասել է, թե՝ որտեղ հաց, անտեղ էլ կլինի ՄԱԿ-ի առաջնորդը:

Սրանով հանդերձ, երկրորդ նախագահը չունեցավ իր «անձնական» կուսակցությունը եւ իր հնարավորությունները չօգտագործեց իր քաղաքական ռեսուրսները մոբիլիլիզացնելու եւ արմապնդելու: Պատճառը, գուցե, այն էր, որ իր նախագահության ժամկետը լրանալուց հետո նա նպատակ չուներ քաղաքականություն վերադառնալու: Ի՞նչ իմանար Ռոբերտ Քոչարյանը, որ իրեն բերելու են քաղաքականություն՝ ուզի, թե չուզի…

 

Արհեստածին կուսակցություններ ստեղծեց նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ-ի դուստր կուսակցությունները հասնում են օգնության, երբ ՀՀԿ-ի ու նրա առաջնորդի գլխին սեւ ամպեր են կուտակվում: Նրանք այնպես ինքնամոռաց են տրվում ՀՀԿ առաջնորդի պաշտպանությանը, կարծես թե  դա իրենց համար կենաց ու մահու խնդիր է… Երկրորդ նախագահի օրոք ՀՀԿ-ն գնում էր կուսակցությունն արհեստականորեն մեծացնելու,  ուռճացնելու ճանապարհով: Անգամ ԺԷԿ-ի պետ աշխատելու համար մարդը պետք է ունենար ՀՀԿ-ի անդամատոմս: Համայնքապետերին, տարբեր տրամաչափի պաշտոնյաներին, ԲՈւՀ-երի ղեկավարներին  ներքին կարգով պարտադրում էին դառնալ ՀՀԿ անդամ:

ՀՀԿ-ն իր շարքերում ընդգրկեց քրեաօլիգարխների, ովքեր էլ իրենց վարք ու բարքով ստվերեցին կուսակցության երբեմնի հեղինակությունն ու գաղափարախոսությունը՝ դառնալով հասարակության հիասթափությունների պատճառ: Հետագայում՝ 2018թ-ին հենց այս մարդկանցից շատերը դուրս եկան փողոց ՝ «մերժելու Սերժին »: Այսօր էլ այդ քրեական օլիգարխներից շատերը մերվել են Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին:

Կուսակցությունում մնացին միայն խիստ հավատարիմները, ընկերությունն ու թիմը պահի թելադրանքով ու դժվարություններից չփոփոխող սկզբմունքային մարդիկ:

Այս տարիներին ոչ արհեստականորեն ստեղծվեցին նաեւ գաղափարական հենք ունեցող կուսակցություններ, որոնք, սակայն, առանց ֆինանսական եւ լրատվական  ռեսուրների, մնում են «գիգանտ» կուսկացությունների ստվերում:

ՀՅԴ-ն այն գաղափարական ու «ամենատարեց» կուսակցությունն է, որը չի ենթարկվում ժամանակի փոթորկումներին. այն եղել է ՀՀ բոլոր նախագահների ծնունդից շատ առաջ, կլնի , հավանաբար, նաեւ մեզանից շատ հետո…

Երկիրը խորհրդարանական  կառավարման համակարգին տանելը եւ ընտրությունները բացառապես համամասնական ընտրակարգով դարձնելը իսկական փորձանք դարձավ Հայաստանի գլխին: Այսօր ԱԺ-ում գերիշխում է ՔՊ կուսակցությունը, որի անդամների հիմնական մասին հասարակությունը չի էլ ճանաչում: Ինչ-որ տեղերից հավաքված անհայտ մարդիկ եկել ու Փաշինյանի ստվերի տակ, ուսապարկի կարգավիճակում մեր գլխին դարձել են օրենք գրող…

Գյումրիի ընտրությունները եւս մեկ անգամ փաստեցին, որ համամասնական ընտրություններն արդարացված չեն: Եթե  Վարդան Ղուկասյանը ստացել է մոտ 10 հազար քվե, ապա Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, որով նա առաջադրվել է, առանց Ղուկասյանի մի քանի  ձայն հազիվ թե ստանար:

«Մեր քաղաքը» դաշինքը Գյումրիի  ընտրություններում զբաղեցրեց երրորդ տեղը:  Այս քվեները  նույնպես ստացվեցին բացառապես Մարտուն Գրիգորյանի անձի շուրջ: Եթե չլիներ  համամասնական ընտրությունը, ապա Մարտուն Գրիգորյանը ստիպված չէր լինի մի  կասկածելի կուսակցության  անվամբ առաջադրվեր եւ հայտնվեր անհարմար իրավիճակում: «Մեր քաղաքը» դաշինքի անդամ կուսկացությւնւներից մեկը՝ «Միացյալ Հայաստան» կուսակցությունը, հասարակությանն անհայտ կուսակցություն է եւ եթե հանդես գար առանց Մարտուն Գրիգորյանի, ապա նույնպես հազիվ թե մի քանի քվե ստանար:

Սակայն, օգտվելով  կուսակցություն ունենալու հնարավորությունից, «Միացյալ Հայաստան» անհայտ կուսակցության առաջնորդ Երվանդ Թարվերդյանը Հանրային  հեռուստաընկերության եթերում  մի հայտարարություն արեց, որով անհարմար դրության մեջ դրեց Մարտուն Գրիգորյանին, Նա առաջարկում էր ՔՊ-ի հետ համագործակցույթուն, ինչը, հետագայում պարզվեց, որ Մարտուն Գրիգորյանի միտքը եւ ցանկությունը  չէր: Թեեւ  Թարվերդյանը սիրում է իրեն համարել  քաղաքական գործիչ, սակայն հասարակությունը նրան ոչ ճանաչում է, ոչ էլ ընդունում՝ որպես քաղաքական գործիչ: Թարվերդյանը սիրում է հայտնվել այնտեղ, որտեղ Փաշինյանի իշխանությանը վտանգ է սպառնում…եւ սիրում է դառնալ այդ վատանգները չեզոքացնողը:

ՄԻ խոսքով, գյումրեցիները քվեարկեցին ոչ թե կուսկացություններին, այլ անձամբ Վարդան Ղուկասյանին եւ անձամբ Մարտուն Գրիգորյանին:


Այս ամենը  փաստում է, որ Հայաստանում կուսակցական համակարգը այլեւս սպառվել է, արդարացված չէ:  Ուզենք, թե չուզենք, մարդիկ ընտրում են անձերի ետեւից թե տեղային, թե համապետական առումով: Գնում են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի, իրենց թաղային կամ քաղաքային հեղինակությունների ետեւից,  ընտրում են անձերին: Սա փաստում է, որ պետք է կառավարման ընտրական համակարգը վերանայել, փոխել, իհարկե, Փաշինյանի հեռանալուց հետո… Հակառակ դեպքում ստացվում է, որ իրար խաբում են եւ միմյանց նկատմամբ ազնիվ չեն  թե՛ կուսկցությունները, թե՛ ընտրողները…