Եվ այսպես, երեկ կայացան Գյումրիի ավագանու ընտրությունները: Ինչպես բոլոր ժամանակների հայաստանյան ընտրություններում, գործի դրվեցին վարչական բոլոր ռեսուրսները: իշխանության կողմից կազմակերպված վերջին հանրահավաքն էլ փաստեց, որ իշխանությունը Գյուրիում հաղթելու հնարավորություն չունի: ՔՊ-ին ու նրա թեկնածուին սատարելու եւ «մասովկան» ապահովելու համար Գյումրի էին «ժամանել» Հայաստանի տարբեր մարզերի ՔՊ-ականները:
Քվեարկության վերջնական արդյունքները դեռեւս պաշտոնապես հրապարակված չեն: Սակայն, ըստ նախնական արդյունքների, ՔՊ-ն ստացել է քվեների մոտ 35 տոկոսը: Ընդդիմադիր առաջատար չոր ուժերը կամ թեկնածուները՝ Վարդան Ղուկասյանը, Մարտուն Գրիգորյանը, Ռուբեն Մխիթարյանը եւ կարեն Սիմոնյանը միասին ստացել են մոտ 52 տոկոս:
Քվեների նման ցուցանիշը փաստում է, որ իշխանությունը Գյումրիում պարտվեց: Եթե այդ 35 տոկոսից հանում ենք վարչական լծակների կիրառումը, քաղաքապետարանի ենթակայության տակ աշխատողներին աշխատանքից ազատման եւ խիստ վերահսկողության տակ քվեարկության ուղարկելը, օդից իջած մոտ 4000 ընտրողի ավելացումը, որի մասին հայտարարել էր Վարդան Ղոկասյանի շտաբը, ասֆալտ-շիբինային ու «տեղը-տեղին» թաղում խոստանալու ընտրակաշառքները, Սարիկ Մինասյանի անձնական վարկանիշը , ապա, կարող ենք ասել, որ տակը բան չի մնում, ասել է թե՝ գյումրեցին ու Գյումրին մերժեցին ՔՊ-ին՝ Նիկոլ Փաշինյանին: Ընդդիմությունը առանց վարչական լծակների, բռնաճնշումների ու տարբեր սպառնալիքների տակ ստացավ գյումրեիցների ամենաբարձր քվեն: Սա նշանակոմ է, որ մարդիկ առանց վախենալու, առանց պարտադրանքի, մերժեց իշխանությանը՝ Փաշինյանին ու Սարիկին:
Տեղին չէ այստեղ հիշել Վանաձորի, Գորիսի եւ այլ համայնքների ընտրությունները, որտեղ ընդդիմադիր ուժերը ստացան ձայների զգալի քվե եւ հաղթեցին իշխանական ուժին: Այս համայնքներում ընդդիմադիր թեկնածուները զբաղեցնում էին քաղաքապետի պաշտոնը: Հետեւաբար, նրանց ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատողները չէին ենթարկվում իշխանական բռբնաճնշումների եւ աշխատանքից ազատվելու սպառնալիքների: Նրանց չէին կարող պարտադրել նաեւ ընդդիմադիր քաղաքապետերը, քանի որ իշխանությունը շատ արագ կբացահայտեր դա եւ իրավական աղմուկ կբարձրացներ: Իսկ Գյումրիում Փաշինյանը այդ հարցը նախապես լուծեց ինչ-որ կասկածելի «փրայմերիզով» եւ քաղաքապետի ԺՊ նշանակեց «իրենց» Սարիկին, ով մինչ այդ տարբեր ուժերի Սարիկ է եղել: Սարիկն էլ, ինչպես երեւում է, աթոռ սիրող մարդ է եւ անմիջապես ընդունեց ՔՊ-ի «հավատքն» ու շարժվեց Փաշինյանի հաստատած «կարգ ու կանոնով»…Ինչեւէ, անգամ վարչական լծակները իշխանությանը հնարավորություն չտվեց ստանալ այնքան քվե, որ միահեծան վերցնեն քաղաքի կառավարումը:
