Ընդամենը մի քանի ժամ անց հայրաքաղաքում կբացվեն ընտրատեղամասերը, եւ գյումրեցին կգնա քվեարկելու իր ապագայի համար: Այս քվեարկությունից պարզ կլինի, թե նա ինչպիսի Գյումրի է ուզում տեսնել, ինչպիսի արժեհամակարգի, ազգային արժանապատվության ինչ չափաբաժին կրող առաջնորդ է ընտրում եւ, վերջապես, ինչպիսի քաղաքական թիմի է վստահում իր ապագան: Ըստ տարբեր աղբյուրների, հայտարարությունների, իշխանությունները գործի են դրել վարչական բոլոր ռեսուրսները, կիրառում են պարտադրանքի ու սպառնալիքների տարբեր գործիքակազմեր: Սակայն, իրավագիտակցություն ունեցող յուրաքանչյուր մարդ գիտի, որ ոչ ոք չի կարող իրեն պարտադրել, պահանջել, սպառնալ, ստիպել խախտել օրենքը, նկարել իր քվեարկությունը կամ այլ եղանակով այն ցույց տալ որեւէ մեկին: Շատ է խոսվում գյումրեցիների արժանապատվության՝ «թասիբի» մասին: Վաղվա ընտրությունը հենց այդ արժանապատվության մասին է՝ երկրին, քաղաքին, պատմությանը տեր կանգնելու, ազգային դիմագիծն ու պետությունը պահպանելու, պարտությունը մերժելու եւ մեջքը ուղղելու մասին է:
