ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա․ այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
«Ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Տվյալներ են ստացվել նաև նույն համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցության անդամի, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին որպես ապրանք վառելափայտ տալու, փողոցների խճապատման աշխատանքներ կատարելու, տարազների և այլ գույքի ձեռքբերման համար գումար խոստանալու մասին:
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից Քրեական ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության հետ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու և դրանցում ներգրավված անձանց հստակ շրջանակը բացահայտելու ուղղությամբ»,– ասված է հայտարարության մեջ։
