ԳՅՈՒՄՐՎԱ ՓՈՐՁԱԾ ԹԱՆԸ

Գյումրիում շարունակվում է նախընտրական քարոզարշավը: Բարեբախտաբար, այն ընթանում է առանց էքստրեմալ ու լարված իրավիճակների, չնայած՝ թեկնածուների՝ իրար նկատմամաբ հեռավար, հատուկենտ խայթոցներին: Յուրաքանչյուր թեկնածու իր մտահորիզոնին համապատասխան քարոզ է անում:

Հետաքրքրական է նախկին քաղաքապետ եւ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի քարոզարշավը: Ղուկասյանի ելույթները բավականին ազդեցիկ ու բովանդակային են, ունեն ավելի բարձր նշաձող, քան քաղաքային խնդիրներն են՝ պատեր ներկելն ու լամպեր փոխելը: Ղուկասյանը, լինելով լավ հռետոր եւ ունենալով ճկուն լեզվամտածողություն, կարողանում է գյումերցիներին ներկայացնել իրենց ընտրության ավելի խորքային տողատակերը, թե ինչ է սպասվում իրենց քաղաքին եւ, առհասարակ, Հայաստանին, եթե այսօրվա իշխանությունը վերցնի Գյումրու կառավարումը, եւ, առհասարակ, մնա երկրի ղեկին: Նա կարողանում է գյումրեցիներին ներկայացնել իրենց ընտրության քաղաքական ու աշխարհաքաղաքական կարեւորությունը Հայաստանի ապագայի համար: Արդեն  կարող ենք ենթադրել, որ եթե Ղուկասյանն ընտրվի Գյումրու քաղաքապետ, Փաշինյանենք աjս ելույթները կուլ չեն տա եւ կգնան նույն ճանապարհով, որով գնացին Վանաձորում, Բերդում, Քաջարանում, Գորիսում՝ ընտրված քաղաքապետերին փակելով ճաղերի ետեւում:

Հարկ է նշել, որ Ղուկասյանն իր պաշտոնավարման տարիներին եղել է լրատվամիջոցների ու լրագրողներիս կողմից ամենաշատ քննադատված քաղաքապետերից մեկը, եթե ոչ՝ ամենաքննադատվածը: Ասել, թե այդ հրապարակումները եղել են անհիմն, տեղին չէ: Սակայն, պետք է խոստովանենք, որ մենք տեսել ենք միայն Ղուկասյանի սխալները, հրապարակել ենք միայն բացասական իրողությունները՝ անտեսելով դրականը: Իսկ որ դրական եղել է ու շատ է եղել, փաստում են նրա քարոզարշավին կամովին միացող ու մասնակցող  գյումրեցիները: ՔՊ-ն իր ողջ պետական ռեսուրսներով կարողանում է մի քանի մարդ ստիպողաբար բերել իրենց Սարիկի հետ հանդիպմանը: Մյուս ընդդիմադիր թեկնածուներն իրենց կուսակցական ռեսուրսներն են օգտագործում քարոզարշավի համար: Վարդան Ղուկասյանը հանդես է գալիս Կոմկուսի ցուցակով: Իսկ Կումկուսը, գիտենք՝ ռեսուրսներ չունի: Հետեւաբար, նրա ռեսուրսները պայմանավորված են իր անձանական հեղինակությամբ ու վարկանիշով: Ուստի, կարող ենք ասել, որ Վարդան Ղուկասյանի քարոզարշավին ամենաշատ քաղաքացիներն են միանում՝ ինքնակամ, առանց պարտադրանքի: Այդ ռեսուրսները պայմանավորված են նրա քաղաքապետության տարիներին վաստակած վստահությամբ ու հեղինակությամբ:

Գյումրեցիներից շատերն այսօր կարոտով են հիշում նրա ղեկավարման տարիները, երբ Գյումրին աղետի գոտուց վերածվեց գեղեցիկ քաղաքի, կառուցվեցին բազմաթիվ բնակելի շենքեր, կառույցներ, քաղաքը բարեկարգվեց: Վարդան Ղուկասյանին հաջորդող որեւէ քաղաքապետի օրոք որեւէ շենք չի կառուցվել, չի ավելացել բնակարանների թիվը:  Նրանից հետո քաղաքն այդպես էլ չունեցավ սրտացավ ղեկավար, որը գյումրեցու մատից փուշ կհաներ, քաղաքի համար կռիվ կտար վերեւների հետ: Գյումրեցիներից շատերի համար այսօր Վարդան Ղուկասյանն այն «փորձած թանն» է, որն «անփորձել մածունից» լավն է: «Ոչինչ, որ մի քիչ փշոտ է, մի քիչ խենթոտ է, մի քիչ՝ էքսցենտրիկ ու կռվարար: Բայց կանգնած է Գյումրու եւ գյումրեցու «թասիբին».- ասում է մեզ հետ զրուցած գյումրեցին, ով չցանկացավ հրապարակել իր անունը:

Նաիրա Վանյան