HayPress.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի հանրային կապերի և հաղորդակցության պատասխանատու Սարինե Աբրահամյանը:
— Ադրբեջանում կայանալիք համաժողովի ընթացիկ գործերը, կարծես թե, այդքան էլ լավ չեն: Ենթադրյալ մասնակիցների թիվն ու «որակը» չի համապատասխանում Ալիեւի պատկերացումներին ու ցանկություններին: Դրա մասին է վկայում նաեւ այն, որ ադրբեջանական մեդիան նորից լծվել է Հայ դատի դեմ քարոզչության, այդ ամենի մեղքը բարդելով համասփյուռքյան այդ կառույցի վրա: Ո՞րն է կառույցի վերջնանպատակը եւ ինչ քայլեր է անում դրա ուղղությամբ:
— Ասեմ, որ մենք համաժողովը չեղարկելու նպատակ չենք դրել, քանի որ դա ՄԱԿ-ի համաժողովն է, չնայած՝ այս տարի հյուրընկալող կողմը Ադրբեջանն է: Մենք չենք կարող պահանջել եւ ակնկալել, որ պետությունները կամ դրանց կառավարությունները դա կչեղարկեն: Հայաստանի իշխանությունը իր համաձայնությունը տվել է, որ այն տեղի ունենա Ադրբեջանում: Երբ մենք խոսում ենք տարբեր երկրների պաշտոնական ներկայացուցիչների հետ, մեզ պատասխանում են, որ, եթե Հայաստանի իշխանությունը իր համաձայնությունը տվել է, իրենք ի՞նչ հիմքով չհամաձայնեն: Մեզ համար կարեւոր հիմնախնդիր է Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների հարցը, նրանք պետք է վերադարձվեն Հայաստան, պետք է ազատ արձակվեն մինչեւ համաժողովը: Ադրբեջանն արդեն ճնշումների տակ է: Կան երկրներ, որտեղից բարձաստճան պաշտոնյաներ արդեն արտահայտվել են, որ չեն մասնակցելու: Փարիզի քաղաքապետ Անն Հիդարլգոն նույնպես հայտարարել է, որ չի մասանակցելու: Գիտեք, որ Ֆրանսիայում հայկական լոբբին բավականին ուժեղ է, դա այդ աշխատանքի արդյունք է: Մենք երկու ուղղությամբ ենք աշխատում՝ քաղաքական եւ տեղեկատվական դաշտում: Մենք տեղյակ ենք պահում բոլոր կառույցներին, որ Ադրբեջանը Արցախում ցեղասպանության սպառնալիքի տակ իրականացրել է Էթնիկ զտում, գերեվարել է անզեն խաղաղ մարդկանց եւ պահում է բանտերում, խոշտանգում: Ու հիմա այդ երկրիը կլիմայի թեմայով համաժողով է հյուրընկալում: Անընդունելի է: Այո, Ադրբեջանը հիմա ճնշումների տակ է եւ դա անակնկալ էր անգամ հենց պաշտոնական Բաքվի համար: Իրենք ուզում էին այդ համաժողովը օգտագործել իրենց փիառի համար, բայց իրականում հակառակ ազդեցությունն ունեցավ: Ներքին առումով էլ Ադրբեջանում շատ խնդիրներ կան, այնտեղ ընդդիմադիրների նկատմամբ բռնություններ են կիրառվում, պահվում անազատության մեջ: Այսինքն իրենց նպատակը իրենց դեմ դուրս եկավ հակառակ կողմից, իրենց դեմ: Իսկապես մեծ աշխատանք է կատարվել: Համաշխարհային մամուլն է գրում Ադրբեջանի արտաքին եւ ներքին բռնաճնշումների մասին: Հայ դատի հանձնախմբերը մեծ աշխատանք է կատարում այդ ուղղությամբ, որ կարողանանք հասնել գերիների ազատ արձակմանը:
— Դժվար չէ՞ Հայաստանից դուրս պայքարել մի հարցի շուրջ, երբ Հայաստանի իշխանությունը ոչ միայն չի միանում այդ պայքարին, այլ՝ հակառակ քայլերն է անում:
— Իհարկե, դժվար է: Հայաստանի իշխանությունը պետք է լուրջ մոտենա այս խնդրին եւ գիտակցի, որ սա լավ պահ է գերիների ազատ արձակման համար: Իհարկե, նաեւ չտրվի գայթակղությանը՝ գնա ու մասնակցի այդ համաժողովին:
