Կապ է հայտնաբերվել սրտի արատների եւ քաղցկեղի միջեւ

Հարավային Կորեայի Սոնգյունգվան  համալսարանի  գիտնականները պարզել են, որ սրտի բնածին արատներ ունեցող երեխաների և նրանց մայրերի մոտ զգալիորեն մեծանում է քաղցկեղի զարգացման հավանականությունը:  Հետազոտության արդյունքները հրապարակվել են Circulation ամսագրում։

ԱՄՆ-ում սրտի բնածին արատները ամենատարածված արատներից են: Դրանք կարող են տատանվել՝ ավելի քիչ լուրջ աննորմալություններից մինչև ավելի վտանգավոր պայմաններ, ինչպիսիք են սրտի որոշակի խցիկների կամ փականների բացակայությունը:

Գիտնականները վերլուծել են ավելի քան 3,5 միլիոն կենդանի ծնունդների տվյալները, որոնք տրամադրել է Կորեայի առողջության ապահովագրության ազգային ծառայության տեղեկատվական բազան: Հաշվի են առնվել 2005-ից 2019 թվականներին ծնված բոլոր նորածինների մասին տեղեկությունները: 10 տարի շարունակ հետազոտողները  հետևել են նորածինների և նրանց մայրերի շրջանում քաղցկեղի ախտորոշման դեպքերին:

Արդյունքները ցույց են տվել, որ քաղցկեղով հիվանդացությունը 66 տոկոսով ավելի բարձր է եղել սրտի բնածին արատներ ունեցող երեխաների մոտ՝ նման պաթոլոգիաներ չունեցող հասակակիցների համեմատ։

Ավելինսրտի արատներով երեխաներ լույս աշխարհ բերած մայրերի մոտ 10 տարվա ընթացքում քաղցկեղի զարգացման հավանականությունը նույնպես 17%-ով ավելի մեծ էր:

Սրտի բնածին արատների և քաղցկեղի միջև կապի հիմքում ընկած մեխանիզմները դեռ հաստատված չեն: Ենթադրական բացատրությունները ներառում են գենետիկ նախատրամադրվածություն կամ երկու տեսակի պաթոլոգիաների համար ընդհանուր մուտացիաների առկայություն: