Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք COP29 համաժողովը կարեւոր է Ադրբեջանի համար՝ իր քաղաքական իմիջը, որպես քաղաքակիրթ, կլիմայի փոփոխություններով մտահոգված երկիր ներկայանալու եւ իր աշխարհաքաղաքական ռազմատենչ նկրտումները լեգիտիմացնելու համար: Սա գիտակցում են, թե՝ չեն գիտացում ՀՀ իշխանությունները, այնուամենայնիվ, կանաչ լույս են վառել դրա համար: Մինչդեռ, սա հնարավորություն է մեր գերիներին Բաքվի բանտերից ազատ արձակելու եւ ադրբեջանական զորքերը ՀՀ սուվերեն տարածքից դուրս բերելու համար: Այս իշխանության քայլերն այլեւս դուրս են մեր երկրի շահերի տրամաբանությունից, եւ նրանցից այլ բան սպասել չի կարելի:
Սակայն, այս իրողությունների հետ հաշտ չէ հայկական սփյուռքը, որը տարբեր դռներ է թակում, տարբեր ատյաններում ներկայացնում իրավիճակը, բացահայտում Ադրբեջանի ագրեսոր եւ բռնապետական դեմքը եւ պահանջներ ներկայացնում: Դրանում շատ ակտիվորեն ներգրավված են ՀԱՅ Դատի ԱՄՆ եւ Եվրոպայի հանձնախմբերը, եւ այդ աշխատանքները, կարծես թե, իրենց արդյունքը տալիս են: Ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցները գրում են, որ մասնացությունը համաժողովին բավականին ցածր է լինելու, քնաի որ մարդիկ չեն ցանկանում, որ հենց Ադրբեջանում այն տեղի ունենա: Իսկ այդ հանգամանքը խիստ անհանգստացրել է Ադրբեջանական կողմին: Ադրբեջանական մեդիադաշտը լծվել է իրենց երկիրը համաժողովի համար ամենահարմար տեղը համարելու քարոզին: Իսկ դրա դեմ դուրս եկած հայազգի եւ օտարազգի գործիչներին համարում են «ծախված»: Ադրբեջանցի լրագրող Մուրադ Անիեւը մի հսկայական «գիտական» աշխատություն է գրել՝ «նվիրված» COP29-ը Ադրբեջանում անցկացնելու դեմ դուրս եկած անձանց:
«Քարոզարշավի հիմնական նպատակներն են՝ խարխլել երկրի հեղինակությունը, կանխել COP29-ի անցկացումը Բաքվում և օգտագործել համաժողովը որպես քաղաքական ճնշման միջոց Ադրբեջանի վրա, մասնավորապես՝ ապահովելու ազատ արձակել հայկական ծագումով ռազմական հանցագործներին»,- գրում է լրագրողը եւ ներկայացնում, թե, իբր ինչ ռազմական հանցանքներ են կատարել Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիները եւ ինչ դաժան պատիժ է նրանց սպասվում:
Ադրբեջանական մեդիայի ուշադրության կենտրոնում են հայտվել ֆրանսիական եւ ամերիկյան հայկական սփյուռքի ակտիվ ներկայացուցիչները, նրանց հետ առընչություն ունեցող եւ չունեցող ալյազգի լրագրողները. Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, տարբեր քաղաքական ու պետական գործիչներ թե ԱՄՆ-ից, թե Ֆրանսիայից:
Այս ամենը փաստում է, որ սփյուռքյան կառույցների աշխատանքը մտահոգում է պաշտոնական Բաքվին, իսկ հայերի հետեւողական աշխատանքը կարող է տալ իր դրական արդյունքը:
