Հասարակության մեջ շատերն են դժգոհ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին ու ներքին քաղաքականությունից: Մարդիկ տեսնում են, թե ինչ վտանգավոր մարտահրավերների մեջ է հայտնվել երկիրը դրանց հետեւանքով: Այդ դժգոհողների մեջ կա ռադիկալ տրամադրված մի հատված, որը հասկանալի պատճառներով շտապում է, քանի որ գիտակցում է, որ Փաշինյանի մնալու ամեն օրը մեզ համար կորստաբեր է: Այս հատվածը կողմնակից է ռադիկալ, կտրուկ քայլերի՝ գնալ-ջարդել, փշրել կառավարության դռներն ու Փաշինյանին այնտեղից վռնդել, ավելի ճիշտ՝ կալանավորել: Սակայն, բազմիցս համոզվել ենք, որ նման քայլերի գնալը հնարավոր չէ եւ կհանգեցնի մեծ արյունահեղության: Համոզվել ենք, որ այս իշխանությունը, որ պետբյուջեից մի հսկայական գումար վճարում է միայն մի անձի մարմինը ապահով պահելու համար, ընդունակ է տարբեր տեսակի զենքեր կիրառել ցուցարաների, ընդդիմադիրների նկատմամբ: Փաստերը շատ են: Մենք ապրում ենք բռնապետական երկրում:
Սակայն, կա նաեւ ընդդիմադիր, իշխանությունից դժգոհ մարդկանց մեկ այլ տեսակ. նրանք «բազմոցային» ընդդիմադիրներն են, ովքեր երբեք որեւէ ընդդիմադիր հավաքի չեն մասնակցում, տնից դուրս չեն գալիս, այլ՝ իրենց բողոքը հայտնում եմ միայն նարդի խաղալիս կամ, «քաբաբի» սեղանի շուրջ: Իսկ մյուսների բողոքի ակցիաներին հետեւում են «բազմոցին պառկա»՝ օնլայն: Այս մարդիկ, որպես կանոն, ոչ մի ընդդիմադիր առաջնորդի չեն հավանում. Վազգենը ծեր է, Իշխանը կոլոտ է, Քոչարյանն ու Սերժը նախկին թալանչի են, Բագրատ Սրբազանը սուրբ է, կամ ընդհակառակը՝ երկու որդի ունի կամ KKB-ի ագենտ է: Եվ այսպես շարունակ… Այս մարդիկ գոհ չեն նաեւ մյուսների արած քայլերից ՝ «Էսօր էլ ն բան չարին»: Բայց, իրենք իրենց նեղություն չեն պատճառում գեթ մեկ անգամ մասնակցել ընդդիմադիրների ակցիաներին, մեկ անգամ ընկնել լուսաձայնային նռնակների հարվածի տակ, որ հասկանան, թե ինչ է նշանակում բռնապետական ոստիկանապետությունում դուրս գալ իշխանության դեմ: Եթե մեկ անգամ տեսնեն, կամ այլեւս տուն չեն գնա եւ կմիանան ընդդիմադիրներին՝ այս իշխանության հեռացնելու գործում, կամ՝ ընդհանրապես՝ վախից օնլյան հետեւելն էլ կդադարեցնեն…
Նաիրա Վանյան
