ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՆՉՈՒ՞ ՆՈՐԻՑ ՍԿՍԵՑ ԴԱՍԱԿԱՐԳԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԸ

Գյումրի կատարած վերջին անփառունակ այցից հետո Փաշինյանը եւս մեկ անգամ համոզվեց, որ էլ առաջվա «Վարդուշը» չի. այլեւս չի վայելում հասարակության վստահությունը. իրեն դիմավորելու եւ ձեռքը համբուրելու համար գյումրեցիները ոչ միայն «հերթ» չեն կանգնում, երես են թեքել իրենից, այլեւ հնարավորության դեպքում հանդիպելիս իրենց հատուկ ձեւով մի լավ «կշշպռեն»: Ախուրյանցի անոն՝ վկա:

Գյումրու ընտրությունները ճակատագրական են լինելու Փաշինյանի ու իր խմբակի համար: Եվ ինքը դա լավ է գիտակցում: Արդեն ակնհայտ է, որ ընդդիմադիր թեկնածուներն ավելի բարձր վարկանիշ ու հեղինակություն ունեն, քան իշխանության ԺՊ-ն: Դա պայմանավորված չէ Սարիկ Մինասյանի անձով, այլ՝ ՔՊ-ի եւ նրա ղեկավարի վարկանիշով: Գյումրիում առաջադրված են բավականին մրցունակ թեկնածուներ, եւ սպասվում է թեժ ընտրապայքար: Եթե Երեւանի ավագանու ընտրություններում «ընդդիմադիրների» օգնությամբ  իշխանությունն անցավ Փաշինյանենց  թեկնածուին, դա դեռ չի նշանակում, թե նույնը կարող է կրկնվել Գյումրիում. գետն ամեն անգամ գաթա չի բերում: Գյումրիում առաջադրված թեկնածուները «պինդ» տղամարդիկ են եւ հազիվ թե գնան նման քայլի:  Իշխանության հույսը մնում են միայն վարչական ռեսուրսները: Ինչեւէ: Իրադարձություններից առաջ չընկնենք:

Փաշինյանը գիտակցում է նաեւ, որ իր իշխանությունը կարող է ճաք տալ նաեւ ներսից: Ու, ինչպես ասում են, ձեռքը գցել է փրփուրներին:

Հավանաբար, նա կարոտով ուզում է ետ վերադարձնել 2018-2019 թ-ի էյֆորիան, երբ «փռում էր ասֆալտին, ծեփում էր պատին»: Ու դրանից հասարակության մի մասը հիացմունք ու հրճվանք էր ապրում քաջն Նիկոլի «դուխից»: Հետո բոլորը հասկացան, որ դա ընդամենը «բռնել-բաց թողնելու» շոու էր: Ոչ մի «վերադարձված» կոպեկ կամ «քաբաբ» երեք միլիոն վարչապետին չհասավ: Եւ ամենակարեւորը, հասարակությունը տեսավ, որ ներսում առյուծ կտրածը ինչպես է դարձել Ալիեւի կամակատարը, ինչպես հանձնեց Արցախը, ինչպես է զիջում ՀՀ սահմանները, պետականությունը: Ուստի, ներքին դասակարգային պայքարն այլեւս կենսունակ չէ:

Երկու օր է՝  բացվել է Փաշինյանի շոուների նոր «եթերաշրջանը».

Հատուկջոկատայինները երեկոյան Երևանի Թումանյան փողոցից բերման  ենթարկեցին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներին ՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով: 3 ժամ հետո  ազատ արձակվեցին:

5-րդ անգամ, ձերբակալեցին Արթուր Վանեցյանի՝ օրենսդրությամբ նախատեսված պահնորդական ծառայություն մատուցող ընկերության աշխատակիցներին:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է Ազգային ժողովին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին: Հովիկ Աղազարյանի միջնորդության հիմքում ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող, այսպես կոչված՝ ոչխարների կաշառքի գործը։

Ամիսներ առաջ վառելանյութի գործով արդարացված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք ներկայացվեց՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։

 

Հայասատանի ներքին ու արտաքին կարեւոր մարտահրավերները թողած, Փաշինյանը ինչու՞ սկսեց այս ամենը: Աշխարհում քարտեզներ են գծվում, փոխվում, բաժան -բաժան են լինում փոքր պետությունները, իսկ մեր անճարը նորից սկսել է «մերժել Սերժին» եւ բոլորին…

Առհասարակ, դժվար է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում Փաշինյանի գլխում: ԲԱյց փաստ է, որ այս շոուները նրան օդ ու ջրի նման պետք են մի քանի առումներով.

 

  • Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վիճակը գնալով դառնում է մտահոգիչ: Հասարակությունն սկսում է ավելի պահանջատեր լինել նրանց հարցում: Ռուբեն Վարդանյանի հացադուլը եւ դրա հետեւանքով նրա առողջությանն ու կյանքին սպառնացող վտանգներն արդեն  դարձել են միջազգային հանրությանը մտահոգող խնդիր. այն քննարկվում է նաեւ ԵԽ-ում: Փաշինյանին պետք է, որ թե՛ արտաքին աշխահին, թե ներքին հասարակությանը ցույց տա, թե իբր գործ է անում, եւ ուշադրությունը շեղի, մոռացության տա Վարդանյանին էլ, մյուս գերիներին էլ: Եւ, առհասարակ, թուրքերի ու ադրբեջանցիների հետ իր դավադիր պայմանավորվածություններից:
  • Այս ամենը Փաշինյանին պետք է նաեւ ներքին վախերը հաղթահարելու համար, որ համոզվի՝ դեռ կարող է, դեռ ընդունակ է մի հրամանով ցավեցնել ուժեղներին: Դա նրան տալիս է ինքնավստահություն եւ ներքին գոհունակություն:
  • Ուզում է յուրայիններին հասկացնել, որ բոլորդ էլ բռիս մեջ եք, չհամարձակվես  «թպրտալ» եւ իմ դեմ թաքուն խաղեր տալ:
  • Փաշինյանը, բացի յուրայիններից, վերսկսեց արշավը նախկինների դեմ եւ նորից սկսեց «մերժել Սերժին»: Իշխանության ղեկին վեց տարի նստելուց հետո հիշեց, որ երրորդ նախագահը «մեղքեր է գործել»: Սա այն ժամանակ, երբ ընդդիմադիր դաշտում թեւածում է «Սերժն է բերել Նիկոլին» վարկածը, եւ, երկու թեւերը  վտանգավոր թմրանյութի նման Փաշինյանին մեկը գցում է մյուսի գրպանը: Փաշինյանին պետք է, որ հասարակությանը ցույց տա, որ իքն ու երրորդ նախագահը ոչ մի կապ չունեն իրար հետ, եւ, որ ինքը ժողովրդի կողմից բերված «մաքուր» մարդ է՝ առանց անդրկուլիսյան խաղերի:

Իհարկե, Փաշինյանը շատ բան կարող է ցույց տալ: Բայց,  հասարակությունն այլեւ ոչ միայն չի հավատում նրա խոսքերին, այլ նաեւ՝ շուուներին: Անգամ չեն էլ հետեւոմ, թե՝ ինչ է ասում, ում է բռնում, ում՝ բաց թողնում: Քանի որ ոչ միայն վստահելի չեն նրա խոսքերը, շուոները, այլեւ շատերի համար նյարդայնացնող ու տհաճ է նրա ձայնը, խոսույթը, տեսքը…