Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ քրոնիկական սթրեսը կարող է բարձրացնել երիտասարդ կանանց ինսուլտի հավանականությունը։
Չափավոր սթրեսը 78 տոկոսով բարձրացնում է կանանց, բայց ոչ տղամարդկանց ինսուլտի հավանականությունը, գրել են գիտնականները Neurology ամսագրում։
Հետազոտությունն իրականացնելու համար գիտնականներն ուսումնասիրել են 18-49 տարեկան 426 եվրոպացիների առողջական վիճակի տվյալները, որոնք ինսուլտ են ունեցել առանց հայտնի պատճառի, եւ այդ տվյալները համեմատել են 426 առողջ մարդկանց տվյալների հետ, որոնք ինսուլտ չեն ունեցել։
Բոլոր մասնակիցները լրացրել են հարցաթերթիկ՝ բաղկացած 10 հարցից իրենց սթրեսի մակարդակի մասին, իսկ ինսուլտ տարած պացիենտներին խնդրել են հիշել, թե ինչ սթրեսի են բախվել ինսուլտից մեկ ամիս առաջ։
Հարցումը ներառել է այնպիսի հարցեր, ինչպիսին է. «Որքա՞ն հաճախ եք վերջին մեկ ամսվա ընթացքում զգացել, որ ի վիճակի չեք վերահսկել ձեր կյանքի կարեւոր պահերը»։
Հետազոտողները հայտնաբերել են, որ ինսուլտ տարած պացիենտները ավելի մեծ հավանականությամբ են ունեցել սթրեսի գոնե չափավոր մակարդակ։ Մոտ 46 տոկոսը զգացել է սթրեսի չափավոր կամ բարձր մակարդակ այն 33 տոկոսի համեմատ, որոնք ինսուլտ չեն ունեցել։
Այլ գործոնների հաշվառումից հետո, որոնք կարող են ազդել ինսուլտի հավանականության վրա, գիտնականները հայտնաբերել են, որ չափավոր սթրեսը կանաց մոտ 78 տոկոսով կապված է ինսուլտի հավանականության բարձրացման հետ։
