«Ես շատ-շատ եմ խոսել ինքնաարդարացման մասին, թե ինչպիսի աղետի է հանգեցնում մարդուն և ընդհանրապես մարդկային կյանքը. Մեր իրականությունը ուղղակիորեն դրա ցցուն շոշափելի արտահայտությունն է, երբ մարդը չի ընդունում իր մեղքը, անկում է ապրում ոչ միայն ինքը, այլև իր ամբողջ շրջապատը»։ Այս մասին՝ զրույց քաղաքացիների հետ ձևաչափի շրջանակներում հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Եվ մանավանդ այն մարդը կամ մարդիկ, որոնք պատասխանատվություն են կրում հասարակական կյանքի համար, պետության կյանքի համար, հանրային բարիք ստեղծելու կոչում ունենալու համար, տեր, պաշտպան և մշակ լինելու կոչում ունենալով: Եվ երբ չի ընդունում մեղքը, սեփական սխալը, սեփական թերացումը, անկախ նրանից, թե որքան մեծ կամ որքան փոքր է այն, դրանով ոչ միայն ինքն իրեն է դատապարտում, այլև դատապարտում է ամբողջ շրջապատը։
Մեկը հաջորդում է մյուսին, և բոլորը դառնում են մեղավոր, բացի իրենից։ Ամեն ինչ արվում է, որպեսզի մեղքի ժխտողականությունը մեկ կողմ դրվի և ինքը փորձի ներկայանալ որպես ամենաարդար, ամենաազնիվ, այդուհանդերձ կրելով այդ մեղքը»,-ասել է նա:
Այնուհետեւ Բագրատ Սրբազանը կոնկրետացրել է իր խոսքը՝ նշելով. «Մենք տեսնում ենք այսօրվա մեր երկրի չակերտավոր ղեկավարը, գլխավոր ստախոսը, իր ստախոս փոքրիկ խմբակով, բոլոր անկումների, բոլոր կորուստների մեջ մեղադրելով բոլորին բացի իրենից, հնարավոր բոլոր տարբերակներով, բոլոր շերտերով մինչև անգամ մեծ ու փոքր պետությունների շրջապատի, յուրաքանչյուրին, բոլորին բացի իրենից, Ինքը մեղավոր չէ ոչնչի մեջ, ոչ մի բանի մեջ սխալական չէ: Բոլորը մեղավոր են, բոլորը հանցագործ են, բոլորը սխալական են, բացի ինքը:
Եվ այդ ստախոսության և մեղքը չընդունելու պատճառով մենք այսօր, որպես պետություն, երկիր, հասարակություն, առանձին անձինք հայտնվել ենք տառապանքի այս հովիտի մեջ, որից ազատագրվելու եղանակներն ու միջոցներն ենք անընդհատ փնտրում։ Բայց մենք էլ չենք կարող ազատագրվել, եթե մենք էլ չընդունենք մեր մեղքի բաժինը, մեր սխալի բաժինը, մեծ ու փոքր սխալների»,-ասել է նա:
