ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԸ ԿԴԱՌՆԱ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ «ՄԵՐԱՆ»

Հայաստանի քաղաքական իրադարձությունները նոր փուլ են մտնում. աշխարհում տեղի ունեցող վերադասավորումները վկայում են, որ եկել է Փաշինյանին «դուրս գրելու» ժամանակը: Դա բխում է ոչ միայն Հայաստանի շահերից, այլեւ՝ գերտերությունների: Մինչեւ հիմա Փաշինյանը գրեթե բոլորին հարմար էր, քանի որ ոչ մեկին չէր մերժում, բոլորին «տալիս էր» ու, միաժամանակ, բոլորին «գցում», բայց ոչ մի պահանջ չուներ որեւէ մեկից: Հիմա այլ է իրավիճակը. հակամարտող գերտերությունների ղեկավարները՝ Պուտինն ու Թրամփը շուտով կկիսեն ու կստակեցնեն իրենց ազդեցության գոտիները: Ու, որպեսզի այդ գծերից շեղումներ ու ապակայունացնող գործոններ չլինեն, նրանց պետք են կայուն գործընկերներ, կայուն ղեկավարներ: Փաշինյանը հեռու է կայուն մարդ, գործընկեր  եւ ղեկավար լինելու հատկություններից;

Արտաքին քաղաքական բարենպաստ իրողությունները հաշվի առնելով՝ ընդդիմադիր դաշտը ակտիվացավ: Ռոբերտ Քոչարյանն իր վերջին ասուլիսով տվեց այդ ակտիվացման մեկնարկը եւ խախտեց ընդդիմադիր որոշ ուժերի անդորրը: Ամեն ինչ սկսվեց, երբ ասուլիսին հաջորդեցին «մտահոգություններ», թե՝ «Քոչարյանին ռեսուրս որտեղի՞ց, որ Փաշինյանին հեռացնի»: Մյուս ճամբարն էլ սկսեց երեսով տալ, թե՝ ո՞վ բերեց Նիկոլին: ու գնաց փոխադարձ մեղադրանք-հարցաշարերը մեկը մյուսի ուղղությամբ: Այս ներքին «հակամարտությունից» կարելի է հետեւոթյուն անել, որ ընդդիմադիր դաշտը արդեն բացահայտ ճաք տվեց: Թեեւ, այդ ճաքը մինչ այդ էլ կար: Այս վեց տարիներին ընթացքում երկու ճամբարներն էլ, անգամ հանրահավաքների ու շարժումների ժամանակ թեեւ իրար բարեւ-բարի լույս էին տալիս, բայց «ֆշշացնում էին» միմյանց ետեւից:  Հիմա եկավ պահը եւ ով ինչ ունի ասելու, ասում է: Ոմանք կարծում են, որ այդպես ավելի ճիշտ է, եթե սկսվել է բացահայտումների շարքը, ապա պետք է մինչեւ վերջ ամեն ինչ ասվի, բացահայտվի: Սակայն, դա իդեալական իրավիճակ է Նիկոլ-Ալիեւ տանդեմի համար. դուք իրար «միս» կերեք, իրենք իրենց գործը կանեն: Եթե երկու նախագահները չկանգնեցնեն այս ներքին «հակամարտությունը» ու չսաստեն իրենց «խոսնակներին», ապա դա լավ հետեւանքներ չի կարող ունենալ, քանի որ հիասթափվում է շարքային քաղաքացին, ով վերջապես չի կարողանում կողմոնորոշվել, թե՝ ով է որտեղ է իրեն մոլորեցնում…Իսկ դա կարող է նվազեցնել նրանց քաղաքական ակտիվությունը առաջիկա գործընթացներում՝ լինի դա ընտրություն, թե փողոցային պայքար, որով պետք է ազատվել Նիկոլից…

Երկու նախագահներն էլ  ունեն լրատվական, ֆինանսական ռեսուրսներ, ինչու՞ չէ՝ նաեւ վստահության. մեկը՝ մի քիչ ավել, մյուսը՝ մի քիչ պակաս:  Սակայն, չմոռանանք, որ նրանք ունեն նաեւ «չուզողների» մի մեծ բանակ, ովքեր դեմ են նրանց՝ «նախկինների» վերադարձին՝ լինի իրենց դեմքով, թե՝ կուլիսների ետեւում հուշարարի ցուցումներով շարժվողների դեմքով:  Մերժման համար կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Շատերը դեռեւս փաշինյանական սեւ քարոզչության ազդեցության տակ են՝ թալանի, Արցախը վաղուց ծախած լինելու, բանակը թուլացնելու եւ այլ  շինծու «մեղքերով» պայմանավորված:
Հասարակության այս հատվածը չի ուզում լսել ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի անունները: Նրանք ուզում են նոր, մաքուր եւ քաղաքականապես չվարկաբեկավ ուժ, մարդիկ, որոնց հետեւից պատրաստ կլինեն գնալ:

Այսօրվա դրությամբ դաշտում այդ ուժը կարող է լինել Բագրատ Սրբազանը՝ իր շուրջ ձեւավորված թիմով՝ կազմված քաղաքականապես մաքուր ու անբիծ մարդկանցից: Ի վերջո, մենք տեսանք, որ Սրբազանը իր անձով կարողացավ իր շուրջը մեծ կոնսոլիդացիա ու մեծ շարժում ստեղծել: Այլ հարց է, որ քաղաքական անփորձությունից նա այդ հզոր շարժումը չկարողացավ ճիշտ տանել եւ բերեց կանգնեցրեց փակուղու առաջ: Սրբազանի թիմակիցներից Միհրան Մախսուդյանն օրերս HayPress.am-ին  տված հարցազրույցում ասաց, որ Սրբազանի կողքի մարդիկ են ապակողմնորոշել նրան, մայիսի իննին ասելով, թե՝ հենց հասնենք հրապարակ, Նիկոլը հրաժարական է տալու: Ուստի, նա հետագա քայլերին պատաստ չէր: Սրբազանի շարժումը ճնշվեց նաեւ ոստիկանական բիրտ ուժից՝ հունիսի 12-ի դեպքերից հետո, երբ մարդկանց վրա լուսաձայնային նռնակներ նետվեցին, շատերը վիրավորվեցին, առեւանգվեցին, խոշտանգվեցին: Շատերի վրա հարուցված են քրեական գործեր: մարդիկ տարբեր իրավական հետապնդումների են ենթարկվում: Այս ամենը ազդեց շարժման վրա, քանի որ ակնհայտ է, որ այս իշխանությունը իր իշխանությունը պահելու համար պատրաստ է հազարավոր մարդկանց արյուն թափել:

Բագրատ Սրբազանն այսօր էլ  կարող է կոնսոլիդացնել եւ ստանալ ընդդիմադիր այն հասարակության վստահությունը, ովքեր չեն ուզում «նախկիններին»՝ Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին: Նա կարող է դա անել՝ առանց երկու թեւերի միջեւ հակասությունը խորացնելու եւ առանց թշնամանքի:  Բագրատ Սրբազանը կարող է դառնալ քաղաքական դաշտի «մերանը»…

Սրբազանը կարող է, մնում է՝ ցանկանա…

Նաիրա  Վանյան