Հայաստանում գիտակից հասարակությունը սրտացավությամբ է հետեւոմ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ Բաքվում կայացող դատավարություն-բեմադրությանը: Դա մեր ազգային ամոթն ու ցավ է, այսօրվա իշխանության դավաԴիդր անգործության արդյունքը, ինչը անզորության զգացողության մեջ է գցել շատերիս: Փաստ է, որ մարդիկ այնտեղ խոշտանգվում են, ենթարկվում կտտանքների: Բաքվի ռեժիմը իր երեսունամյա վրեժն է լուծում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներից եւ փորձում բռնությամբ կորզված ցուցմունքներով հիմք ստեղծել՝ Հայաստանին «ագրեսոր» հռչակելու, ռազմական էսկալիացիայի դիմելու եւ Հայաստանը կապիտուլացնելու համար:
Երկու օր է, Բաքվի պաշտոնաթերթերը տարածում են Արցախի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանի տված ցուցմունքները: «Հ0171ոկտեմբերի 18-ի երեկոյան մեր վերջին հանդիպումն ունեցանք Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի հետ։ Զանգահարեցի Նիկոլ Փաշինյանին եւ ասացի, որ պատրաստ եմ նամակ գրելու Ադրբեջանի նախագահին՝ պատերազմն ավարտելու մասին, Բակոն եւ Արկադին, եթե պետք լինի, նույնպես կմիանան նրան։ Նամակի էությունը պարզապես պատերազմը դադարեցնելն էր։ Նամակի բովանդակությունը, որը մենք գրել ենք Փաշինյանին, հետեւյալն էր՝ ցանկացած կարգով դադարեցրեք պատերազմը եւ հայտարարեք, որ դա հայ բնակչության ցանկությունն է, քանի որ Հայաստանում միասնական կարծիք չկար։ Դրա համար էլ ասացի, որ պետք է հղում կատարել մեզ եւ դադարեցնել պատերազմը։ Մենք պատրաստ ենք մեղավոր լինել, իհարկե, դա չակերտների մեջ, բայց պետք է մարդկային կյանքեր փրկել։ Փաշինյանը մի քանի հանդիպումներ անցկացրեց, հանդիպեց ընդդիմության հետ, կարելի է ասել՝ հանդիպեց գրեթե բոլորի հետ։ Հոկտեմբերի 19-ին՝ օրվա վերջում, նա ինձ հետ զանգահարեց եւ ասաց, որ պատերազմը շարունակվելու է։ Չեմ ուզում մանրամասնությունների մեջ խորանալ։ Ամենավատն այն էր, որ պատերազմը շարունակվելու էր»,-Հարությունյանի խոսքերը մեջբերում է APA գործակալությունը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ Արայիկ Հարությունյանը նաեւ հայտարարել է, որ «Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը ենթարկվել է ՀՀ գլխավոր շտաբի պետին՝ նշելով, որ ռազմական հրամանատարությանը նշանակելու կամ ազատելու լիազորություններ չի ունեցել»։
Ըստ հրապարակումների.«Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ում Ադրբեջանը մեղադրում է նաև «Գյանջայի վրա հրթիռային հարձակման» համար, երեկ ադրբեջանական դատարանում հայտարարել է, որ Գյանջային հարվածելու որոշում ինքը չի կայացրել, նման իրավունք և լիազորություն չուներ, և, որ քննության ընթացքում ինքը բացատրել է, թե ինչու է նման հայտարարություն արել»:
Հիշեցնենք, որ 2024-ի մարտին ադրբեջանական AZTV-ն հայտարարություն տարածեց Արայիկ Հարությունյանի հարցազրույցը հեռարձակելու վերաբերյալ: Դրան շատ արագ հաջորդեցին Հայաստանի իշխանության կողմից Տավուշի որոշ տարածքների հանձնումը Ադրբեջանին, ինչի անունը դրեցին սահմանազատում: Դրանից հետո Արայիկ Հարությունյանի հարցազրույցի հեռարձակումը կասեցվեց: Չի բացառվում, որ Փաշինյանը մտավախություններ ունի Արայիկ Հարությունյանի ցուցմունքներ-հարցազրույցներից, որոնք կարող են կարեւոր բացահայտումների հիմք հանդիսանալ…
Ակնհայտ է, որ Արայիկ Հարությունյանի տված ցուցմուքները Բաքուն մահակի նման թափահարում է Փաշինյանի գլխին՝ տարածքային եւ այլ զիջումներ ստանալու համար: Առաջին անգամ ստացավ: Հիմա էլ՝ այս նոր ցուցմունքը…
Իսկ ինչու՞ հենց միայն Արայիկ Հարությունյանն է տալիս նման ցուցմունքներ: Հիմա շատերը կհակադարձեն, թե՝ մարդը գերության մեջ է, նեղության մեջ գնտվող մարդուն չի կարելի թիրախավորել, քանի որ կյանքի սպառնալիքի տակ է ցուցմունք տալիս: Սակայն, կյանքի սպառանլիքը հայրենիքի դեմ ցուցմունք տալու համար ամենեւին էլ հիմք չէ. Եռաբլուրում հանգչող տղաներն էլ են կյանքի սպառնալիքի տակ կռվել ու զոհվել, բայց չեն հանձնվել: Հայաստանի հին ու նոր պատմության մեջ քիչ չեն դեպքերը, որ մարդիկ կյանքը զոհելով են դիմակայել թշնամուն՝ ի շահ հայրնեիքի: Շատերը կարող են արդարացնել, թե՝ միգուցե այդ ցուցմունքերը կեղծված են, միգուցե, Արայիկ Հարությունյանը չի տվել նման ցուցմունքներ, եւ Բաքվի դատարանը կեղծում է դրանք: Այդ դեպքում հարց է առաջնում՝ ինչու՞ հենց միայն Արայիկ Հարությունյանի ցուցմուքներն են կեղծվում, եւ ոչ մյուս գերիներինը:
Նշենք գերության մեջ կտտանքների ենթարկվող մյուսների հայտարարությունների մասին.
Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանը հաստատել է իր մասնակցությունն Արցախի ազատագրական պայքարին, նշել՝ որտեղ էլ չի մասնակցել, եթե անհրաժեշտությունը լիներ՝ կմասնակցեր:
Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը իր ցուցմունքում նշել է, որ դատարանը չի կարող նման գործ քննել, քանի որ Արցախի ինքնորոշման իրավունքի պայքար է, և որևէ պետության դատարան իրեն չի կարող դատել։
Իսկ Ռուբեն Վարդանյանը, ով ամենաթիրախավորվածն է Բաքվի ռեժիմի կողմից, հրաժարվում է դատարանում ցուցմունք տալ: Նա հացադուլ է հայտարարել եւ չի տրվում Բաքվի սադրանքներին:
Եւս մի կարեւոր դետալ, որի վրա արժե ուշադրություն դարձնել: Երբ նայում ենք գերեվարվածների լուսանկարներին, տեսնում ենք, որ բոլորը տանջված, հյուծված տեսք ունեն: Ռուբեն Վարդանյանից, կարելի է ասել, կեսն է մնացել, դեմքի վրա խոշտանգման ու բռնության հետքեր են երեւում: Բակո Սահակյանի ատամնաշարն է թափված: Բոլորը միանգամից ծերացած ու հյուծված են: Բայց, չգիտես ինչու, բավականին լավ տեսք ունի ցուցմունքներ տվող ու «երգող» Արայիկ Հարությունյանը: Նա ո՛չ նիհարել է, ո՛չ էլ խոշտանգվածի տեսք ունի: Ի՞նչ է ստացվում, որ նա իր կաշին փրկելու համար ցուցմուքներ է տալիս՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության, եւ անունը դնում են «կյանքի սպառնալիքի ներքո տված ցուցմուքներ»…
Չենք մոռացել, որ Արայիկ Հարությունյանը Արցախի Նիկոլ Փաշինյանն է եղել ու կա. այնտեղ է նա է անձը փրկելու համար պայքարում, այստեղ՝ Փաշինյանը: Արայիկ Հարությունյանը պետք է ցուցմունքեր տար ՀՀ արդարադատության առաջ, բայց, ցավոք, դա անում է Բաքվի դատարանում…
