Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարություն է տարածել.
«2025 թվականի մարտի 30-ին տեղի են ունենալու ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ։ Պաշտոնական քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ նախընտրական պայքարն, այդ թվում լրատվամիջոցներում, արդեն ընթանում է: Ցավով պետք է արձանագրենք, որ հաճախ հայկական մեդիայի քարոզչական բովանդակության առաջնություններից է ոչ թե ծրագրերին, գաղափարներին, տեսլականին ազատ մրցակցային հարթակ տրամադրելը, այլ ատելության խոսքը, մրցակցին ոչնչացնելու մոլուցքը, արհամարհանքը հակառակորդի նկատմամբ։
Կոչ ենք անում բոլոր տեսալսողական մեդիածառայություններ մատուցող ընկերություններին՝ նախընտրական այս ժամանակահատվածում չառաջնորդվել սեփական համակրանքներով ու հակակրանքներով, ապահովել՝ բազմակարծություն, օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանի ու հերքման հնարավորություն, պահպանել ընդունված մասնագիտական էթիկայի սկզբունքները:
Հանձնաժողովը, կարևորելով ընտրողների իրավունքները տեղյակ լինելու ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ծրագրերին, հետևելու է, որ իր կարգավորման ներքո գործող լրատվամիջոցները նախընտրական քարոզչության ժամանակահատվածում անշեղորեն գործեն «ՀՀ ընտրական օրենսգիրք» Սահմանադրական օրենքին և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքին համապատասխան: Ինչպես նաև առաջնորդվեն Հանձնաժողովի կողմից 21.02.2025 թվականի N12-Ա որոշմամբ հաստատված «ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանության» դրույթներով:
Եվս մեկ անգամ հորդորում ենք մեր երկրի համար այս պատասխանատու ժամանակահատվածում նպաստել քաղաքացիական համերաշխությանը, չօգտագործել քարոզարշավը՝ հասարակության տարբեր հատվածների միջև նոր բաժանարար գծեր ստեղծելու համար»:
Ինչ խոսք, ՀՌԱՀ-ի պարտականությունն է ապահովել քաղաքակիրթ քարոզարշավի կանոնները, որպեսզի լրատվամիջոցները չտարածեն ատելության խոսք, չոչնչացնեն թեկնածուներից որեւէ մեկին՝ ելնելով սեփական համակրանք-հակակրանքներից, հասարակության մեջ բաժանարար գծեր չգծեն՝ խախտելով ընտրողների իրավունքը: Սակայն, զավեշտն այն է, որ հանձնաժոովը այս ամենի մասին չէր հիշում Երեւանի ընտրություններորի ժամանակ, երբ Հայկ Մարոթւյանը հասարակությանը բաժանեց սեւ-սպիտակի: Չէր հիշում այն ժանակ, երբ Փաշինյանը մուրճով քարոզարշավ էր անում եւ սպառնում՝ ոմանց՝ հանել, ոմանց՝ շինել եւ այլն… Հենց Փաշինյանն ու իր թիմն են հասարակության մեջ այս վեց տարվա մեջ բաժանարար գծեր գծում եւ ընտրությունից-ընտրություն խորացնում այդ անջրպետը: ՀՌԱՀ-ը այդ ամենը չէր կանխում, «չէր տեսնում»: Բայց, հիմա Գյումրիու ընտրություններին ընդառաջ ՀՌԱՀ-ը հիշեց իր պարտականությունների մասին եւ նման հայտարարություն տարածեց: Հավանաբար, պատճառը սոցցանցերում Գյումրու իշխանական թեկնածուի նախընտրական գովազդային հոլովակի շուրջ առավոտից ծավալված ծաղրական գրառումներն են եւ, նրա՝ Արմեն Գրիգորյանի կալանավորման մեջ դերակատարում ունենալու բացահայտումները:
