Կարկադե թեյի օգտակար հատկությունները

Կարկադեն վառ կարմիր գույնի թեյային ըմպելիք է, որը պատրաստվում է հիբիսկուսի ծաղիկներից: Եգիպտոսում և այլ տաք երկրներում այն համարվում է դեղամիջոց բոլոր հիվանդությունների դեմ: Այն օգտագործվում է, թե´ տաք, թե´ սառը վիճակում:

Կարկադեն պարունակում է օրգանիզմի համար բազմաթիվ օգտակար միկրոտարրեր: Այն հանգստացնող, քնաբեր ազդեցություն ունի, կարգավորում է նյութափոխանակությունը, նպաստում է ոսկրերի, ատամների և մազերի ամրացմանը, կարգավորում է նյարդային համակարգը, պաշտպանում է սթրեսներից և բարձրացնում տրամադրությունը:

 

Այն օգնում է կանխել խոլեստերինային գնդիկների առաջացումը և պաշտպանում է հարբուխից: Ազդում է գլխուղեղի աշխատանքի վրա, ուստի, այս ըմպելիքը խորհուրդ են տալիս օգտագործել ակտիվ մտավոր գործունեության ժամանակ, օրինակ՝ քննաշրջանում:

Այս ըմպելիքը օգտագործվում է տապին՝ առատ քրտնարտադրության ժամանակ, ինչպես նաև սննդային թունավորումներից հետո:

 

Կարկադեն կարգավորում է ճնշումը և լավացնում օրգանիզմի ընդհանուր վիճակը: Սակայն պետք է հիշել, որ տաք վիճակում այն բարձրացնում է ճնշումը, իսկ սառը վիճակում՝ ցածրացնում: Եվ միայն առողջ մարդկանց վրա այն չեզոք ազդեցություն ունի:

 

Կարկադեի վնասակար հատկությունները

Կարկադեի օգտակար հատկություններն ավելին են, քան վնասակար հատկությունները: Սրացած գաստրիտով կամ խոցով տառապող մարդիկ պետք է զգուշությամբ օգտագործեն այն:

 

Կարկադեն խորհուրդ չի տրվում միզաքարային կամ լեղաքարային հիվանդությունների սրացման դեպքում: Հղի կանայք և կերակրող մայրերը կարկադե խմելուց առաջ պետք է խորհրդակցեն բժշկի հետ:

Կարկադեն հայտնի է մի շարք օգտակար հատկանիշներով, քանի որ այն՝

  • Իջեցնում է արյան ճնշումը
  • Ունի հակաբակտերիալ ազդեցություն
  • Ամրացնում է անոթների պատերը
  • Օգնում է լեղու դուրսմղմանը
  • Լավացնում է լյարդի աշխատանքը
  • Դուրս է բերում տոքսինները
  • Խթանում է ստամոքսաղիքային տրակտի աշխատանքը
  • Կանխարգելում է խոցերի գոյացությունը
  • Լավացնում է տղամարդկանց առողջությունը
  • Օգնում է հաղթահարել սթրեսն ու հոգնածությունը
  • Կարող է օգտագործվել՝ որպես ճիճվաթափ միջոց
  • Օգնում է գինարբուքի և սննդային թունավորման դեպքում
  • Լավացնում է տեսողությունը:
  • Այս թեյը չունի որևէ սեռական հակացուցում, միակ բանը, որ պետք է հիշել, որ կարկադե թեյը չի կարելի խմել՝
    • Ստամոքսի բարձր թթվայնության դեպքում
    • Գաստրիտի և խոցի դեպքում
    • Ցածր ճնշման դեպքում:

Կարդակե թեյն առանձնանում է ոչ միայն համով, այլև օգտակար հատկություններով։ Այն ամրացնում է մազանոթները, նպաստում ճնշման, խոլեստերինի մակարդակի կարգավորմանը, հակաբակտերիալ հատկություն ունի, դրական ազդեցություն է ունենում լյարդի, ենթաստամոքսային գեղձի վրա, հակաալերգիկ հատկություն ունի։

Fithacker.ru-ն գրում է, որ այն հագեցնում է քաղցը, կարգավորում ախորժակն ու լավացնում նյութափոխանակությունը։ Հետաքրքիր է այն հանգամանքը, որ սառը վիճակում այն իջեցնում է ճնշումը, տաք վիճակում՝ բարձրացնում։

Կարկադե թեյի բաղադրիչներից «գլխավոր դերակատարները» թթուներն են, որոնք անփոխարինելի հակաօքսիդանտներ են, ամինաթթուներ, միկրոէլեմենտներ, վիտամիններ։ Այն նյութ է պարունակում, որը լավացնում է տեսողությունը, հանում աչքերի հոգնածությունը, օգնում մաքրել օրգանիզմը՝ դուրս բերելով նյութափոխանակության արգասիքները։

Խորհուրդ է տրվում այն օգտագործել առանց եռացնելու։ Կարկադեի վրա ջուր լցրեք, թողեք թրմվի 10-15 րոպե։ 1 թեյի գդալ կարկադեի վրա 1 բաժակ ջուր ավելացրեք։ Միայն թե մետաղական տարա մի օգտագործեք. այդ դեպքում թեյը կկորցնի համը։