ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ՉՀՈՒՍԱԴՐՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ

«Ադրբեջանը դատապարտում և մերժում է Հայաստանի արտգործնախարարության փետրվարի 28-ի հայտարարությունը, որը պարունակում է անհիմն մեղադրանքներ հայ գերիների և ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքի, ինչպես նաև նրանց դատավարության վերաբերյալ»։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն մեկնաբանության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է.«Անջատողական առաջնորդները և հայկական ծագումով այլ ձերբակալված անձինք կամ մեղադրվում են ռազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, ռազմական ագրեսիայի, խոշտանգումների և այլ ծանր հանցագործությունների մեջ, կամ արդեն դատապարտված են այդ հանցագործությունների համար. Նման ձերբակալությունները լիարժեք իրավական հիմք ունեն և չեն ոտնահարում կալանավորվածների իրավունքները։ Նույնիսկ եթե ենթադրենք, որ ձերբակալվածները ռազմագերիներ են, Ժնևի երրորդ կոնվենցիան թույլ է տալիս պահել ռազմագերիներին, ովքեր հետապնդվում են այնպիսի հանցագործության համար, որի համար նրանք կարող են մեղադրվել մինչև նման դատավարության ավարտը և, անհրաժեշտության դեպքում, մինչև պատժի ավարտը»:

«Մեղադրյալի բոլոր իրավունքներն ու պարտականությունները պատշաճ կերպով ապահովված և բացատրված են, ամբողջ դատավարությունն ու ցուցմունքներն արձանագրված են։ Ադրբեջանում բանտարկյալների նկատմամբ բռնությունների մասին պնդումները անկախ հետաքննության են ենթարկվել և կեղծ են: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների պարբերաբար այցելություններ են եղել, ինչպես նաև հեռախոսային և տեսահաղորդակցություն ընտանիքի անդամների հետ, վերջին անգամ նման հանդիպում կազմակերպվել է փետրվարին։

2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը, որպես մարդասիրական ժեստ և միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորություններին համապատասխան, ազատ է արձակել և հայրենադարձել ավելի քան 200 հայերի, ովքեր ունեին ռազմագերիի կարգավիճակ կամ համարվում էին կալանավոր։ Սակայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը նրանց վերադարձրեց Հայաստան, այդ անձանցից մի քանիսը ձերբակալվեցին Հայաստանի իշխանությունների կողմից և հարցաքննվեցին: Հայաստանի ԱԳՆ-ին հիշեցնենք նաև, որ 2023 թվականին իրականացված հակաահաբեկչական միջոցառումներից հետո Ադրբեջանը նույնպես մեծ ժեստ արեց՝ թույլ տալով ավելի քան 10 հազար մարդուց բաղկացած հայկական անօրինական զինված կազմավորումներին վայր դնել զենքերը և լքել ադրբեջանական տարածքները։

Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը որևէ հետաքննություն չի սկսել ադրբեջանցի ռազմագերիների և կալանավորված քաղաքացիական անձանց նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի վերաբերյալ և չի համագործակցել 4000 անհայտ կորած ադրբեջանցիների գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու հարցում: Ականատեսների վկայությունների և բազմաթիվ փաստերի համաձայն՝ բոլոր ադրբեջանցի ռազմագերիները ենթարկվել են խոշտանգումների և դաժան վերաբերմունքի և պահվել նվաստացուցիչ պայմաններում, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում՝ 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների կոպիտ խախտում է»։

Մեկնաբանության մեջ Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ «ակնհայտ է, որ Հայաստանի նման հայտարարությունը ցույց է տալիս, թե որքան անհանգստացած է այս երկրի քաղաքական ղեկավարությունը պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվողների դատավարությամբ, որոնց նա ժամանակին բացահայտորեն աջակցել է Ադրբեջանի նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականությունը շարունակելու համար։ Հայաստանի՝ որպես բռնազավթող և ագրեսոր երկրի պետական ​​պատասխանատվությունը և նրա մի շարք ապօրինություններն անվիճելի փաստ են։ Այսպիսով, այս արարքների մեջ մեղադրվողներին պատասխանատվության ենթարկելը լեգիտիմ գործընթաց է, որը չի կարող խաթարվել քաղաքական շահարկումներով։

Մինչ օրս, պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվողների դատավարությունը ողջունելու փոխարեն, Հայաստանը այս դատավարությունն անվանում է «բեմականացված դատավարություն»… Այս կրիտիկական պահին ադրբեջանական կողմն ակնկալում է, որ հայկական կողմը զերծ կմնա անհիմն հայտարարություններից, որոնք վնասում են տարածաշրջանում խաղաղության ջանքերին, այդ թվում՝ պատերազմական հանցագործություն կատարածներին պատասխանատվության ենթարկելուն»,- ասաց Ա. Հաջիզադեն։