Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո ընդդիմադիր դաշտում սկսեց հեռակա բանավեճ ծածալվել: Ասուլիսի ժամանակ, նախագահը, պատասխանելով լրագրողին հարցին, թե՝ հնարավո՞ր է Փաշինյանին հեռացնել ընտրությունների միջոցով, պատասխանեց.«Իհարկե, հնարավոր է հաղթել, եւ յուրաքանչյուրը կարող է այսօր մի վարկանիշ ունենա, վաղը մեկ ուրիշ վարկանիշ, մյուս օրը մեկ ուրիշ վարկանիշ: Այո, ես համարում եմ, որ հնարավոր է ընտրությունների ճանապարհով հաղթել: Եթե ասեմ՝ հնարավոր չէ, այստեղ ի՞նչ եմ անում, կամ մյուսներն ինչո՞վ են զբաղված: Սաղ հանձնվեն, ձեռքերը բարձրացնեն, ասեն՝ Նիկոլ Փաշինյանը անհաղթելի առաջնորդ է: Չկա բնության մեջ այդպիսի բան»:
Նախագահը նաեւ հավելեց.«Հիմա ի՞նչ դեմքով, ո՞նց, ինչ ֆորմատով է ընդդիմությունը մասնակցելու, ես չեմ կարող ասել»
Այս հայտարարությանը սկսեցին տարբեր «ֆորմատներով» արձագանքել ընդդիմադիր այլ ճակատում, ովքեր համոզված են, որ Փաշինյանի հետ ընտրության գնալը սխալ է, քանի որ դա տանելու է հերթական ձախողմանը եւ Փաշինյանը նորից մնալու է իշխանության ղեկին: Այս համոզմունքն ունեցող գործիչները օրինակ են բերում 2021-ի ընտրությունները, ինչի արդյունքում ընդդիմությունն ստացավ ընդամենը ոչ բավարար թվով մանդատներ: Տպավորություն է առաջանում, որ եթե ԱԺ մտած ընդդիմադիր ուժերը չմասնակցեին 2021-ի ընտրություններին, Փաշինյանենք խիստ նեղվելու էին ու չեղարկեին ընտրությունները: Պարզ է, որ այդպես չէր լինի, ընդդիմության չմասնակցությունից ոչինչ էլ չէր փոխվի: ՔՊ-ն իր քույր կուսակցություններով ընտրություններ կբեմադրեր, մի ֆեյք ընդդիմադիր կուսակցություն էլ մեջ կգցեին ու իրենց ճաշակով ԱԺ կձեւավորեին:
Այն, որ Փաշինյանենց հնարավոր է ընտրություններով հաղթել, ցույց տվեցին մի քանի ՏԻՄ ընտրություններ՝ Երեւան, Վանաձոր, Մասիս, Բերդ, Քաջարան: Այլ հարց է, որ ընտրություններից հետո ընտրված համայնքապետերի վրա քրեական գործեր «կարվեցին»…
հետեւաբար, ընտրություններով Փաշինյանին հեռացնելը հեռու չէ իրականությունից, հատկապես, որ 2021-ից հետո նրա վարկանիշն ավելի է ընկել իր իսկ կատարած անտրամաբանական քայլերով ու ընդունած օրենքներով: ՔՊ-ն կորցրել է սոցիալական բոլոր շերտերի վստահությունը, բոլորը հասկացան, որ իրենց «դուխովը» հեչ էլ դուխով չի ու . որ իրենց խաբել է: Անգամ ախուրյանցի Անոներն են հիասթափվել Նիկոլից…
Սակայն, Նիկոլենց ընտրություններով հեռացնելու համար կարեւոր հանգամանք. արտահե՞րթ, թե՞ հերթական ընտրություններով է Ռոբերտ Քոչարյանի թիմը պատրաստվում հեռացնել Փաշինյանին: Եթե ընդունենք հերթական ընտրությունների տարբերակը, ապա պետք է սպասենք մինչեւ 2026թ-ը, ականատես լինենք, թե՝ ինչ նոր աղետներ է բերում Փաշինյանը Հայաստանի գլխին, ինչ անդառնալի համաձայնությունների է գալիս Ալիեւի հետ, ինչպես է Սահմանադրություն փոխում՝ ական դնելով ՀՀ-ի խարխլված պետականության տակ: Մի խոսքով՝ ավարտին հասցնի երկրի կապիտուլիացիան: Դրանից հետո էլ ու՞մ են պետք ընտրությունները՝ ինչպես կարմիր ձուն Զատիկից հետո: Այդքանից հետո «царь и бог»-ն Էլ գա, կործանված Հայաստանի պետականությունը չի կարող վերականգնել:
Խնդրահարույց է նաեւ մյուս տեսակետը՝ փողոցային պայքարի միջոցով Փաշինյանին հեռացնելու հավանականությունը: Այս տեսակետի կողմնակիցները համոզված են, որ իրենք ամենաշատ ռեսուրսներն ունեն՝ Փաշինյանին փողոցով հեռացնելու համար: Հարց է առաջանում, բա եթե ունեք նման ռեսուրսներ, մինչեւ հիմա Փաշինյանն ինչու՞ է իշխանության ղեկին, գոնե 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ձեր ռեսուրսներով ինչու՞ փողոցով չհեռացրիք ազգակործան պատուհասին, ռեսուրսները՞ չբավականացրին, թե՞ քաղաքական կամքը…
Ինչ խոսք, անկախ այն բանից, թե ով որ միջոցի կողմնակիցն է, այսօր բոլորն են ուզում երկիրն ազատել ու ազատագրել փաշինյանախմբից: Բայց պետք է ընտրել ամենաարագ ու ամենաարդյունավետ տարբերակը: Պետք է քաղաքական ուժերը ընդհանուր համաձայնության գան այս հարցի շուրջ, այլ ոչ թե կարապի, խեցգետնի ու գայլաձկան նման պարանը յուրաքանչյուրը իր կողմը քաշի: Կարելի է նաեւ ընտրել ոսկե միջինը՝ արտահերթ ընտրություն՝ փողոցային պայքարի ճնշման տակ, այնպես, ինչպես եղավ 2018-ին…
Նաիրա Վանյան
