Երբ թեկնածուները խոցելի են, նրանց մասնակցությունը վտանգում է ընտրության արդյունքները…

Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրությունների թեկնածուների գրանցումը դեռեւս չի ավարտվել: Սակայն, նախընտրական թոհուբոհն արդեն սկսվել է, թեկնածուներն արդեն ոչ պաշտոնական քարոզարշավի մեջ են: Օրերս տեղի ունեցավ աղմկահարույց դեպք՝ բիրտ ձեւով բերման ենթարկվեց նախկին քաղաքապետ եւ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը: Ղուկասյանի մրցակիցները, անգամ Փաշինյանի «գաղափարական ընկեր» Արման Բաբաջանյանը դա համարեցին նախընտրական շոու՝ նրա վարկանիշը բարձրացնելու եւ գովազդն ապահովելու համար: Ղուկասյանը հաջորդիվ հարցազրույց տվեց՝ քննադատելով իշխանությանը, իր մրցակիցներին եւ առանց անուններ տալու սլաքներն ուղղեց երրորդ նախագահի եւ նրա անվան հետ կապվող թեկնածուների ուղղությամբ: Հարկ է նշել, որ «Պատիվ ունեմ» դաշինքից ընտրված ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը եւ հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ունեն ընտրվելու մեծ հավանականություն եւ, ամենայն հավանականությամբ, Ղուկասյանի հիմնական մրցակիցներն են: Թե՝ ինչ հարաբերություններ ունի Ղուկասյանը այսօրվա իշխանության հետ, ունի՞ գաղտնի պայմանավորվածություն, թե ոչ, դժվար է ասել. դա կիմանան միայն ինքն ու Փաշինյանը: Սակայն, ելնենք անմեղության կանխավարկածից եւ հավատանք, որ Վարդան Ղուկասյանը ոչ մի պայմանավորվածություն չունի այսօրվա իշխանության հետ:

«Ժողովրդավար» Փաշինյանի իշխանության օրոք անազատության մեջ են հայտնվում ՏԻՄ ընտրություններում հաղթած այն անձինք, ովքեր Փաշինյանի թիմակիցը չեն: Միայն նրա համար, որ նրանք  համարձակվել են ընտրություններում հաղթել, առիթ է դառնում, որ նրանց շուրջ  տարբեր քրեական գործեր  կարվեն, անկախ այն բանից, թե ինչ կենսագրություն ու անցյալ ունի ընտրված թեկնածուն: Այդպես եղավ Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ, Բերդի քաղաքապետ Լեւոն Մանուչարյանի, նստած-հաղթած Առուշ Առուշանյանի եւ այլոց հետ: Հայաստանյան քաղաքական դաշտում, առհասարակ, ռիսկային է գործարարների, նախկին պաշտոնյաների, քրեական ոչ մաքուր անցյալով ապրած մարդկանց՝ քաղաքականությամբ զբաղվելը: Այդպես եղել է նաեւ նախկին իշխանությունների օրոք:  Նման մարդիկ միշտ խոցելի են  եւ կարեւոր իրավիճակներում դառնում են անկանխատեսելի եւ իրավիճակ փոխող:

Իսկ եթե քրեական անցյալ չունեցող մարդիկ են  հայտնվում  նման իրավիճակում, եւ նրանց ընտրողների քվեները դառնում են առ ոչինչ, ապա, իրավիճակը կարող է շատ ավելի լուրջ լինել Վարդան Ղուկասյանի պարագայում… Վարդան Ղուկասյանի անունը կապվել է տարբեր քրեական եւ այլ պատմությունների հետ: Նա երկար տարիներ  ղեկավարել է Գյումրին: Նրա ղեկավարության օրոեք, այո, Գյումրին ծաղկել է, զարգացել է, վերակառուցվել է: Բայց, պետք է ասել, որ դա, առհասարակ, ետպատերազմական Հայաստանի վերականգնման տարիներն էին: Ինչեւէ, Վարդան Ղուկասյանի հաղթանակի դեպքում կարող են նրա ղեկավարման տարիների ենթադրյալ «չարաշահումներ» գտնել եւ գյումրեցիների ձայները փոշիացնել: Մարդ լինի՝ քրեական գործը կգտնվի: Հակառակ դեպքում Վարդան Ղուկասյանը ստիպված կլինի Փաշինյանի հետ գնալ գործարքի…

Նաիրա Վանյան