ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԴԵՐԱՍԱՆՈՒԹՅՈՒ՞Ն Է ԱՆՈՒՄ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԻՄԱԿԻՑԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է

Գյումրիում նախկին քաղաքապետ եւ ներկայիս քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս: Նրա եւ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդներն անմիջապես արձագանքեցին՝ շոու է, «Վարդանիկի» գովազդ: Ղուկասյանը ոստիկանական բաժանմունքից դուրս գալուն պես սպառնաց՝ շատ ջղայնացնեք՝ վարչապետ կընտրվի…

Զարմանալիորեն, շոուի տարբերակն առաջ տարավ նաեւ Փաշինյանի թիմակիցը՝ Արման Բաբաջանյանը, ով  գրառում արեց ոչ միայն բացահայտելով «միջոցառման» բեմականացումը, այլեւ սուր քննադատեց Փաշինյանին՝ ձախողումների համար.«Վարդանիկին բերման ենթարկելու էժանագին շոուն զավեշտի նոր մակարդակ է։ Մարդ, որը տարիներ շարունակ Գյումրին վերածել է բեսպրեդելի օջախի, ձերբակալվեց ոչ թե սպանությունների, թալանի, գողության կամ քաղաքի ավերման համար, այլ… ապօրինի զենք կրելու կասկածանքով։ Եվ ի՞նչ եղավ հետո՝ նույն թատրոնի տրամաբանությամբ ազատ արձակվեց։

Այսպես կոչված «ոստիկանության գործողությունը» սովորական բեմականացում էր, որը ոչ թե հանցավորության դեմ պայքարի, այլ իշխանության հերթական ձախողման կոպիտ քողարկման նպատակ ուներ։ Գյումրեցուն փորձեցին համոզել, թե իբր քաղաքում օրինականության համար պայքար է տարվում, բայց իրականում սա ընդամենը քաղաքական ֆարս էր՝ պատրաստված իշխանական խոհանոցում։

-Եթե սեփական թեկնածու նույնիսկ չունես,

-Եթե քաղաքի զարգացման ծրագիր չունես,

-Եթե պաշտոնավարումդ ձախողել ես,

Եթե վարկանիշ կատեգորիկ չունես,

Ի՞նչ ես անում՝ գտնում ես Վարդանիկին, խնդրում, որ առաջադրվի քաղաքապետի թեկնածու, հետո բեմադրում «մեծ» ձերբակալությունը, արագ բաց թողնում, և արդյունքում ստանում «ընդդիմադիր», որի պիտանելիությունը հենց այդքանով էլ ավարտվում է։

Այ հիմա ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Դուք հենց Վարդանիկի նման «ընդդիմադիր» էլ արժանի եք։

Բայց սպասեք… ամեն ինչ դեռ առջևում է»։