ԱԶԴԵՑԻԿ ՈՒ ԲԱԽՏԱՎՈՐ ՓԵՍԱՆԵՐ. ՄԱՍ 4-ՐԴ. ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆ

Որքան էլ քաղաքակրթության զարգացմանը զուգահեռ հասարակական պահանջ է առաջանում՝ վերջ դնել ընտանեկան «դինաստիայի» ավանդույթներին եւ երկրի ղեկավարի ընտանիքի անդամներին չտրվեն իշխանական արտոնություններ, միեւնույնն է, ղեկավարները մահկանացուներ են եւ բոլորի մոտ կա «ինչ անում ենք, երեխեքի համար ենք անում» հոգեբանությունը:  Ցանկացած երկրի ղեկավար, կամա թե ակամա,  իր ընտանիքի անդամներին ինչ-որ արտոնություններ է տալիս: Իսկ եթե այդ անդամը օժտված է նաեւ կառավարման գիտելիքներով եւ ինտելեկտուալ պաշարով, ապա դա դառնում է անխուսափելի եւ ինչ-որ չափով՝ արդարացված:

Ազդեցիկ մարդիկ, որպես կանոն, իրենց դուստրերին հենց այնպես չեն ամուսնացնում, մինչեւ տարբեր չափորոշիչներով ապագա փեսացուի  խելքը չչափեն: Թե որքանով են «առաջին» փեսաներն իրենց անձնական կյանքում իսկապես երջանիկ, միայն իրենք կիմանան: Բայց, որ նման կարգավիճակը շատ դռեր է բացում ու կանաչ լույս վառում նրանց ճանապարհին, դա փաստ է:

Նման արտոնություններից օգնվում են հիմնականում նախագահների անմիջապես ընտանիքի անդամները՝ որդիները, փեսաները: Իսկ,  քանի որ հայերս «ջիգյարի մեռած» ազգ ենք, մեր մոտ այդ շրջանակն ավելի ընդլայնված է՝ եղբայրներ, եղբորորդիներ, քույրեր, աներձագեր, քավոր-սանիկներ եւ այլն:
«Համաշխարհային» եւ մեր «անձնական» փորձը ցույց է տալիս, որ երկրների ղեկավարների վրա, որպես կանոն,  իրենց  փեսաները մեծ ներգործություն են ունենում աշխարհաքաղաքական եւ ներքաղաքական հարցերում որոշումներ կայացնելիս: Haypress.am-ը ներկայացրել է ԱՄՆ նախագահ Թրափի, ՌԴ նախագահ Պուտինի, Թուրքիայի նախագահ Էրդողանի փեսաների ազդեցությունը իրենց երկրների կառավարման եւ այլ գործերում:

Ժամանակին այդ ազդեցությունից զերծ չէր նաեւ հայաստանյան «թիվ» մեկ փեսան՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը…

Նախ նշենք, որ ՀՀ նախկին ոչ մի ղեկավարի ընտանիք երբեք չի միջամտել նախագահական, պետական գործերին, որքան Փաշինյանի ընտանիքն է միջամտում: Փաշինյանի վարչապետության սկզբում անգամ Մարիամն էր հրապարակավ լեզվակռիվ տալիս ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ, աներձագ Հրաչն էր ակտիվություն ցուցաբերում: Հետո բոլորը լռեցին եւ ասպարեզում մնաց միայն Աննա Հակոբյանը, ով, կարծես թե, մրցակցության մեջ է վարչապետ ամուսնու հետ: Այդ մասին բազմիցս է խոսվել, գրվել:

Նախկին նախագահների տարիներին լայն հասարակությանն անծանոթ էին նախագահների երեխաները: Կանայք շատ զուսպ ու կոկիկ պահվածք ուներին: Շատ քչերը գիտեին Ռոբերտ Քոչարյանի երեխաների անունները: Հասարակությունը չէր ճանաչում Սերժ Սարգսյանի դուստրերին, նրանք նույնպես իրենց դրսեւորել են զուսպ եւ, հետեւաբար, չեն հայտնվել հասարակության թիրախում: Սակայն, ինչպես շատ երկրներում, մենք էլ ունեինք մեր գլխավոր ու ազդեցիկ փեսան՝ Միքայել Մինասյանը:

Նախագահականի «գորշ կարդինալը»

Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Միքայել Մինասյանը հրապարակային ակտիվություն չէր ցուցաբերում: Նա իր գործը «տակից էր անում»: Նրան հաճախ համարում էին նախագահականի «գորշ կարդինալ»: 2008-2012թթ-ին եղել է իր աներ-նախագահի աշխատակամզի առաջին տեղակալ եւ մեծ ազդեցություն ուներ պետական կառույցում պաշտոնյաներ նշանակելու որոշումներում:  Մինասյանն ուներ իր կադրերը. Նախարարներ, փոխնախարարներ էր նշանակում, ԱԺ պատգամավորացուների ընտրում: Միքայել Մինասյանի մտերիմներին անվանում են «միշիկական»:

Մեդիամագնատ Միքայել Մինասյանը

Մինչ օրս «միշիկական» համարվում« ոչ միայն Մինասյանի անմիջական մտերիմներն ու ընկերները, այլեւ նրաք, ովքեր աշխատել են Միքայել Մինասյանի մեդիաընկերություններում: Իսկ այդպիսիք նա շատ ուներ. Մինասյանը ժամանակի ընթացքում դարձավ մեդիամագնատ. ձեռք բերեց, գնեց, հովանավորեց տարբեր լրատվական կայքեր, թերթեր, հեռուստաընկերություններ: Բնականաբար, այդ ամենը ձեռք բերելու համար պետք էր ունենալ  ֆինանսական եւ այլ ռեսուսրսներ: Իսկ Միանսյանը ուներ այդ բոլորը եւ կարողացավ քարոզչական դաշտում մեծ ազդեցություն ձեռք բերել:

Դեսպան Միքայել Մինասյանըւ

Միքայել Մինասյանը 2013-2018 թթ-ին Վատիկանում ՀՀ դեսպան: Պետք է ասել, որ նրա այդ աշխատանքը բավականաին արդոյւնավետ էր. նրա  դեսպանության շրջանում Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցվեց պատարագ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, Ցեղասպանության անմեղ զոհերը սրբադասվեցին։ Նույն օրը Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն հռչակեց «Տիեզերական եկեղեցու վարդապետ»՝ Ամենապատվավոր կոչումը, որ կարող է շնորհվել աստվածաբանին։ Սուրբ Պետրոսի տաճարում անցկացված պատարագից հետո Թուրքիան հետ կանչեց Վատիկանում իր դեսպանին։ 2015 թ.-ի ապրիլի 11-ին Իտալիայի Նեապոլ քաղաքի «Սան Գրեգորիո Արմենո» եկեղեցում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողությունը, Գրիգոր Լուսավորչի մասունքը վերադարձվեց եկեղեցի։ 2016 թ-ի հունիսի 24-ին մեկնարկեց Ֆրանցիսկոս Պապի եռօրյա այցը Հայաստանը։ Սրբազան Քահանայապետն իր այցը կոչեց՝ «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր»։ Հունիսի 25-ին Ֆրանցիսկոս Պապն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ապա պատարագ մատուցեց Գյումրիում։  Մի խոսքով, դեսպան Միքայլե Մինասյանը արդյունավետ աշխատեց Վատիկանում:

«Միշիկականներ» եւ ՀՀԿ «հնաբնակներ»

Արդարության համար պետք  է ասել, որ «միշիկական» կադրերը, հիմնականում, բավականին գրագետ, ինտելեկտուալ ու չվարկաբեկված անձինք  էին:  ՀՀԿ-ի Իշխանության մեջ ձեւավորվել էր «միշիկական» թեւը, ինչը դուր չէր գալիս ՀՀԿ-ի հնաբանակներին, ովքեր ունեին աշխատանքի իրենց հին ու մաշված ձեւերը՝ կոռուպցիայի մեջ թաթախված: Կար ներքին թաքնված մրցակցություն միշիկականների ու «սպառված» ՀՀԿ-ականների միջեւ: Հավանաբար, Սերժ Սարգսյանը բաց թողեց մի կարեւոր անցում կատարելու՝ սերնդափոխության հնարավորությունը՝ ճանապարհ տալով նորերին եւ համակարգը մաքրելով կոռումպացված հներից: Գուցե, այդ դեպքում 2018-ին Հայաստանի համար  ողբերգությունների դուռը չբացվեր…

Որտե՞ղ է հիմա Միքայել Մինասյանը

Ինչպես գիտենք, 2018-ից հետո Փաշինյանի իշխանությունը Մինասյանի նկատմամբ տարբեր քրեական գործեր հարուցեց: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Մինասյանը  մինչ օրս գտնվում է հետախուզման մեջ։ 2020թ-ի պատերազմից հետո նա իրեն պատկանող հեռուստաընկերություններից մեկով պարբերաբար հանդես էր գալիս հրապարակային խոսքով, տարբեր բացահայտումներ անում, ասենք՝ ԱԳՆ Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի  գործակալ լինելու մասին բացահայտումը, որը նա ներկայացրեց փաստերով՝ էլ ավելի շատ հարցեր առաջացնելով հասարակության մեջ: Ասենք՝ այդ բացահայտումը ե՞րբ է եղել՝ 2018-ից առա՞ջ, թե՞ հետո: Որոշ ժամանակ անց Մինասյանը լռեց, իր հետ լռեցին իրեն պատկանող ազդեցիկ հեռեւստաընկերությունները, որոնց մի մասը ունեցան այլ սեփականատերեր: Կվերադառնա՞ Միքայել Մինասյանը քաղաքական դաշտ, կխոսի՞, դեռ հայտնի չէ…