Բավականին երկար ժամանակ է ՝մոտ երկու տարի, ինչ չի աշխատում Մասիս քաղաքին եւ Երեւանին «կպած» Այնթապ վարչական շրջանից դեպի Մասիս տանող ուղեւորատրանսպորտը: Այնթապը Մասիսի ամենամեծ վարչական շրջանն է եւ, բնակիչներից շատերն աշխատում են Մասիս քաղաքում: Մասիս գնում են ոչ միայն այնտեղ աշխատողները, այլեւ շարքային բնակիչները՝ տարբեր խնդիրներով՝ առողջականից միչեւ պետական կառույցների հետ գործ ունենալը: Հետեւաբար, տրանսպորտ չլինելու հանգամանքը նրանց կանգնեցրել է լուրջ խնդրի առջեւ: Անհատ տաքսիստներն էլ, օգտվելով առիթից, թանկացրել են ուղեվարձը եւ հազար դրամից պակաս գումարով չեն աշխատում: Հետեւաբար, մեկ անգամ Մասիս գնալ-գալը մարդու վրա նստում է երկու հազար դրամ: Ստացվում է՝ եթե մարդն աշխատում է եւ աշխատանքի է գնում Մասիս, ապա իր աշխատավարձի մեծ մասը տալիս է տաքսիներին:
Խնդիրը բազմիցս է բարձրարցվել, քննարկվել է Մասիս համայնքի ավագանու նիստերի ժամանակ, թեեւ դա համայնքի խնդիրը չէ, այլ՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության:
Պարզվում է՝ երթուղին իրականացնելու իրավունքի տենդերի մրցույթի ժամանակ շահել է Շեկո մականունով անձի ընկերությունը: Շեկոն նախկինում աշխատել է Հովիկ Աբրահամյանի եղբոր ընտանքին պատկանող «Լիգա» ՍՊԸ-ում: Վերջինս դատի է տվել իր նախկին աշխատակից եւ ներկայիս մրցակցին: Արդեն բավականին երկար ժամանակ է՝ դատական գործընթացը շարունակվում է: Մինչ դատական պրոցեսների ավարտը որեւէ այլ ընկերություն չի կարող իրականացնել տվյալ երթուղու ուղեւորափոխադրումը:
Թեեւ հարցը Մասիս համայնքի իրավասություններից ու պարտականություններից դուրս է, այնուամենայնիվ, բնակիչներն իրենց բողոքի ու վրդովմունքի սլաքներն ուղղում են համայնքապետարանի վրա, թե ՝չեն կարողանում տրանսպորտի հարցը լուծել: Համայնքապետարանը, համաձայնեցնելով մարզպետարանի հետ, փորձել է հարցին ժամանակավոր լուծում տալ. անհատ ավտոբուսի վարորդի հետ եկել է համաձայնության՝ իրականացնել ուղեւորափոխադրումը: Սակայն, Կառավարությանը կից Տեսչական մարմինը երկու անգամ կանգնեցրել է ավտոբուսին եւ դեղին պետհամարանիշ չունանալու համար մեծ տուգանք գրել: Իսկ դեղին պետհամարանիշ ունեն միայն ուղեւորափոխադրում իրականացնելու իրավունք ունեցող տրանսպորտային միջոցները: Այսպիսով, հարցի ժամանակավոր լուծումն էլ չստացվեց եւ, բնակիչը մնաց իր խնդրի հետ:
Այստեղ մեղավորներ փնտրել համայնաքապետարանում կամ մարզպետարանում, տեղին չէ: Իսկ եթե կա մեղավոր, ապա դա տեսչական մարմինն է կամ այդ մարմնին պարտավորեցնող «օրենքը», որի խնդիրը միայն տուգանք գրելն է՝ առանց հաշվի նստելու երեւեյթի խորքային խնդրի հետ…
