ԳՅՈՒՄՐԻԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԿԻՆՈՅԻ» ՊԱԿԱՍ ՉԻ ԼԻՆԻ

Հայաստանում հասարակությունն արդեն յոթերորդ տարին է՝  տարբեր ու խառը մոտիվներով մեծ «կինոյի»՝ տրագիկոմիեդիայի  հանդիսատես է:

Հանրապետության երրորդ քաղաքում սպասվում են ՏԻՄ ընտրություններ: Քանի որ փաշինյանական իշխանության օրոք ընտրողների քվեն ստացած թեկնածուն հայտնվում է քրեական հետապնդումների ու դատարանի առաջ, ընդդիմադիրների համար թեկնածություն դնելը հավասարազոր է մահապարտության: Եթե, իհարկե, փաշինյանախմբի հետ չկա ներքին պայմանավորվածություն՝ ընդդիմադիր խաղալու եւ ընդդիմության ձայները գողանալու: Դեռեւս հստակեցված չի, թե ովքեր կառաջարդվեն որպես թեկնածու: Սակայն, որոշ թեկնածուներ արդեն հաստատակամ են, որ առաջադրվելու են:

Երեկ արդեն սկսվեց նախընտրական Գյումրվա կինոյի առաջին արարը. բերման ենթարկվեցին նախկին քաղաքապետ  Վարդան Ղուկասյանը եւ իր թիկնապահը: Ընտրություններից «հինգ պակաս» հայրենի ոստիկանները «մտահոգվել են», թե Ղուկասյանի մոտ կարող է զենք լինել: Զենք չգտան, բայց  վախի մթնոլորտը մտցրին Գյումրի: Ղուկասյանի դեմքի վրա վնասվածքներ կային, իսկ թիկնապահը բռնության արդյունքում ստացել է այնպիսի վնասվածք, որ շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Բնականաբար, մեր ՄԻՊ-ի ձայնը դուրս չեկավ, ոչ էլ՝ Սաքունց-մաքունցների…

Ղուկասյանի ֆբ էջում լուրը տարածվելուն պես մեծաթիվ կողմնակիցներ հասան ոստիկանության բաժանմունք՝ ի պաշտպանություն Ղուկասյանի: Երկու ժամ անց վերջինս ազատ արձակվեց եւ խոսեց ավելի մարտական տրամադրված ու վճռական:«Այն, ինչ սրանք արեցին այսօր՝ ավտոմատներով, մարդուն գետնին պառկեցնելով, քարշ տալով, 65 տարեկան մարդ ենք, մասկաները փակած: Խայտառակ ձևով… յանի զենք են ման գալիս: Մենք ինչի՞ համար պիտի զենք վերցնենք», — լրագրողների հետ զրույցում ասաց նա եւ հավաստիացրեց, որ այս ամենն արվել է իրեն ընտրապայքարից հետ պահելու համար:

«Բայց մինչև վերջ պայքարելու ենք.…Ես չեմ վախենալու: Շատ համառեցիք, վարչապետ կդառնամ».-սպառնաց Ղուկասյանը:

Ղուկասյանին բերման ենթարկելու լուրը տարածվելուն պես  ուղիղ եթեր մտավ մեկ այլ թեկնածու՝ պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը եւ իրեն բնորոշ հումորվ ու սարկազմով «ավետեց», որ.«Գյումրիում սկսվեց նիկոլական «արդար» ընտրարշավը»: Այնուհետեւ, դիմեց Ֆրանսիայի նախագահ «Մսյո Մակղոնին» եւ կոչ արեց, որ նա  «շուշաթրաշով մսյո նիկոլյանին ասի, թե ինչու է ընտրություններից, քարոզարշավից առաջ նման բաներ անում ժողովրդավարության բաստիոնում»:

Մեկ այլ թեկնածու՝ մյուս Վարդան Ղուկասյանն էլ եթեր մտավ ու ասաց, որ սա շոու էր՝ «Վարտանիկի վարկանիշը բարձրացնելու համար»:

Ֆեյսբուքյան գրառում արեց նաեւ  թեկնածու Մարտուն Գրիգորյանը. «Վախ բռնելու մինի օպերացիաների մեկնարկը Գյումրիում տրված է: Միսիան կատարված է, գովազդն ապահովված է,

Շոուների ընտրված ձևաչափն էլ՝ դատապարտված է»:

Թե ում գովազդի մասին էր ակնարկում Գրիգորյանը, պարզ չէ:

Հարկ է հիշեցնել, որ Գյումրիում, երբ ընտրարշավի մեջ է լինում Վարդան Ղուկասյանը, ընտրապայքարը դառնում է իսկական կինո:

Ժամանակին Ղուկասյանը  ՀՀԿ-ական էր եւ ընկալվում էր որպես «Հովիկ Աբրահամյանի մարդ», վայելում էր նրա հովանավորությունը:  2007թ-ին Երևան-Գյումրի ճանապարհին մահափորձ կատարվեց Ղուկասյանի նկատմամբ, որի հեղինակները դեռեւս բացահայտված չեն:  Հովիկ Աբրահամյանից հետո իշխանության բարձր օղակներում Վարդան Ղուկասյանը որպես իրեն հովանավորող գտավ Արթուր Բաղդասարյանին, որի օգնությամբ 2008թ. երրորդ անգամ քաղաքապետ կարգվեց: 2018-ին Վարդան Ղուկասյանն ակտիվորեն մերժում էր Սերժին…Առհասարակ, Վարդան Ղուկասյանը ճկուն մարդ է եւ ժամանակին կողմնորոշվում է, թե որ կուսակցությունով կարող է հասնել քաղաքական հաղթանակների: Օրերս նա հանդես եկավ  քաղաքական հայտարարությամբ՝ պնդելով, որ Գյումրու զարգացման միջոցներից մեկը կլինի «Ակադեմիական քաղաքը» Գյումրի տեղափոխելը։

Այս հայտարարությունն իսկական նվեր է Նիկոլ Փաշինյանին ու Խաչատուր Սուրքիասյանին: Վերջինս ուզում է մայրաքաղաքի բոլոր ԲՈՒհ-երի շենքերը մասնավորեցնել եւ դարձնել հյուրանոցներ: Այս հայտարարությամբ, գուցե, Վարդան Ղուկասյանը հասկացրեց իշխանությանը, որ.«ես ձեր մարդն եմ»: Գուցե այդ ծրագրին անկեղծորեն կողմ է զուտ Գյումրու շահերից ելնելով…Փաշինյանենք լսեցի՞ն այդ հայտարարությունը, թե չէ, դժվար է ասել: Առայժմ դժվար է ասել նաեւ, երեկվա կատարվածը Ղուկասյանին գովազդելու շոու էր, թե ոչ:

Գյումրիում համայնքապետի պաշտոնին հավակնում է նաեւ քաղաքի մեկ այլ հեղինակություն՝ Մարտուն Գրիգորյանը: Վերջինիս  ու Վարդան Ղուկասյանի ջրերը, մեղմ ասած, մի առվով չեն գնում:  Նրանց լարված հարաբերությունները տարիների պատմություն ունեն. նրանց մեջ մշտապես եղել է քաղաքական մրցակցություն քաղաքապետի ընտրություններում, ԱԺ ընտրություններում: Իսկ ավելի գլոբալ առումով՝ Գյումրիում ազդեցության գոտին  յուրաքանչյուրն իր ձեռքի տակ պահելու համար: Վարդան Ղուկասյանի օրոք շատ էին խոսում քաղաքում տիրող վախի մթնոլորտի, կրիմինալ բարքերի, քաղաքապետի ու իր մերձավորների ամենաթողության մասին: Մարտուն Գրիգորյանը իր հարցազրույցներում հաճախ էր ասում, որ դուրս է գալիս այդ բարքերի դեմ:
Վարդան Ղուկասյանն այդ հարաբերությունների լարվածության համար ժամանակին մեղադրում էր լրագրողներին:

Ինչպես ասացինք, սա դեռ կինոյի սկիզբն է: Կինոն ունի էլի հետաքրքիր դերակատարներ. արդեն մասնակցության մասին հայտարարել է նաեւ ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը,  Սարիկ Մինասյանը, որին ինչ-որ ընտրական նոր մեթոդների մանիպուլիացիաներով իշխանությունը դարձրեց ԺՊ: Ի դեպ, ամենաթույլ թեկնածուն հենց ՔՊ-ի ԺՊ Սարիկն է, որի քվեն ապահովողը կարող են լինեն միայն վարչական ռեսուրսները:  Ընտրապայքարի մեջ է մտնում նաեւ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը՝ Արտյում Ղարաղազարյանի առաջնորդությամբ:

Նաիրա Վանյան