ՆՈ՞Ր ԻՄԱՑԱՆ, ՈՐ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԶԵՆՔ ՈՒՆԻ

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ֆբ էջից իմացանք, որ ինքը եւ իր թիկնապահը բերման են ենթարկվել: Զարմանալի «զուգադիպությամբ», դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Գյումրին մտավ նախընտրական փուլ եւ, Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ առաջադրվելու է՝ որպես թեկնածու: Այն, որ մեր հայրենի ոստիկանները երբեմնի քաղաքպետին բերման ենթարկելու առիթներ եւ հիմքեր կունենան,  կասկած չի հարուցում, քանի որ վերջինիս ոտքերը «ամպոտ» չեն: Բայց փաշինյանական իշխանությունը դա չարեց, երբ եկավ իշխանության: Հավանաբար, որպես պարգեւատրում՝ 2018-ի Սերժին մերժելու համար:
Ղուկասյանի անունը կապված է տարբեր կրիմինալ պատմությունների հետ: Բայց այդ մասին հիշվեց հենց հիմա, երբ քաղաքապետի ընտրություններում Ղուկասյանը կարող է կանգնել ՔՊ-ի ու նրա թեկնածուի ճանապարհին: Իր լավ ու վատ, հակասական կերպարով հանդերձ, մի քանի կուսակցություն փոխած Վարդան Ղուկասյանը Գյումրիում ունի իր ընտրազանգվածը, իր տարաբնույթ շրջանակները, որոնք դեռեւս ազդեցություն ունեն Գյումրիում:

Եթե Վանաձորում, Բերդում, համայնքի բնակչության վստահությունն ու քվեն ստացած մարդկանց ձերբակալեցին ընտրություններից հետո, ապա Գյումրիում հարցը լուծում են «գլխանց»…