«Դուք շատ մանրամասն հետևել եք այս մարդու խոսակցություններին, իր բոլոր հայտարարություններին, և հստակ է չէ՞ պատկերը, որ սա թելադրանք է դրսից, իր տերերից»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20–ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում անդրադարձել էր նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությանը, շեշտելով՝ «գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված բոլոր հանրաքվեներն ունեն լեգիտիմության լրջագույն պակաս»։
«Բնականաբար, Սահմանադրությունը փոխվելու-չփոխվելու հարց չկա, իրեն փոխելու հարց կա։ Սահմանադրությունը որոշակի իմաստով միշտ էլ կարող է փոփոխությունների ենթարկվել, բայց այս պարագայում, այս ժամանակահատվածում իրեն փոխելու հարցն է, որովհետև այստեղ գոյաբանական կռիվ է, Սահմանադրության կամ օրենքների կռիվ չէ: Սահմանադրությունը մենք որևէ ժամանակ կարող ենք քննարկել, քննել, ուսումնասիրել, համապատասխանեցնել, ինչ-որ պետք է անելու անել, բայց հենց ինքն է ձախողել ամեն ինչ և հիմա փորձում է ամեն ինչը հարմարացնել իր ձախողմանը։ Ինքը ինչո՞վ է ընտրվել, այդ Սահմանադրությամբ չի՞ ընտրվել, ուրեմն ինքը լեգիտիմ չէ»,- ասել է Բագրատ Սրբազանը։
