ԱՍՈՒԼԻՍԻՑ ԳՈՀ ԵՒ ԴԺԳՈՀ ՄՆԱՑԱԾՆԵՐԸ

Եվ այսպես, երկարատեւ լռությունից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսեց՝ խախտելով քաղաքական դաշտում վերջին շրջանի՝ «հոգեհանգիստ» հիշեցնող լռությունը: Իհարկե, այդ լռությունը  չի վերաբերում իշխանականների ու իրենց պարագլխի կողմից հնչեցրած ամենօրյա ցնդաբանություններին: Ինչպես միշտ, Քոչարյանի ասուլիսը մեծ աղմուկ բարձրացրեց: Դրան, բնականաբար, տարբեր կերպ արձագանքեցին քաղաքական ներքին ու արտաքին տարբեր կողմնորոշում ունեցող տարբեր ուժեր ու անձինք:

    Ովքե՞ր են դժգոհ ասուլիսից եւ ինչու՞

Ինչպես եւ սպասելի էր, ասուլիսը իրար է խառնել իշխանականների ճամբարը. դեռեւս ասուլիսի ընթացքում նրանք մեկը մյուսի ետեւից գրառումներ էին անում, իրենց կարծիքով «ջախջախելով» Քոչարյանին եւ հերքելով նրա ասածները: Նրանց ցայտնոտային իրավիճակից նկատելի էր, որ գիշերը լավ չեն քնել…ու ամեն մեկը իր դերն է ստանձնել…Գործի դրվեց նաեւ իշխանական ֆեյքերի բանակը, որն ակնհայտորեն, պարտվեց…

Իշխանականներին, բնականաբար, անիմաստ է անդրադառնալ…Ասուլիսը դուր չեկավ  շարքային այն  քաղաքացիներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով դժգոհ են եղել նրա նախագահությունից: Ի վերջո, որեւէ երկրի որեւէ ղեկավար չի կարող գոհացնել բոլորին…

Ասուլիսից դժգոհ են մարդիկ, ովքեր ընկել են Քոչարյանի նկատմամբ երկար տարիներ արված սեւ քարոզչության ազդեցության տակ:

Ասուլիսից դժգոհ մնացին նաեւ ընդգծված հակառուսական ուժերն ու անձինք, ովքեր, չգիտես ինչու,  ասուլիսից հետեւություն արեցին, թե՝ ուր որ է՝ դառնում ենք Ռուսաստանի «գուբերնիա» ու մտնում ենք «ռսի սապոգի» տակ: Համացանցում սկսեցին արագ լուսանկարներ ու պատմական վատ-վատ նյութեր տարածվել՝ հայերի հանդեպ կատարած «սպիտակ թուրքի» թշնամությունից: Իհարկե, այդ փաստերը կան եւ դրանք անհերքելի են: Բայց կան նաեւ հակառակ փաստերը,  եւ բավականին շատ…  Շատերը  հույս ունեն, որ աշխարհաքաղաքական այս փոթորկումների մեջ մենք Ռուսաստանի փոխարեն կարող ենք այլ  դաշնակից գտնել՝ ի դեմս Եվրոպայի, հավատում են, որ  մեզ գրկաբաց սպասում են Եվրոմիությունում: Ավելի լավատեսներն էլ  հույս ունեն, որ մենք առանց դաշնակցի էլ կարևող ենք ինքնիշխան լինել, ոչ միայն պահպանել այսօրվա բզկտված պետականությունը, այլեւ ոտքի կանգնել ու Արցախն ու Արարատը ետ բերել… Մեկ բառով՝ ունեն նախանձելի լավատեսություն…

Ասուլիսից, բնականաբար, ներքին խանդ ու դժգոհություն ունեն ընդդիմադիր այլ ուժեր: Դժգոհ են մարդիկ, ովքեր անկեղծորեն ուզում են ընդդիմադիր նոր ուժ ձեւավորել եւ «նոր ու մաքուր» ձեռքերով գալ իշխանության: Սակայն, ինչպես տեսանք, այս երկար ժամանակամիջոցում նման շարժում չձեւավորվեց: Ոմանք իրենց դժգոհությունն արտահայտում են «նախկինները ետ չեն գալու» «կարգախոսով», սակայն իրենց անցած ճանապարհը տարբեր կետերում հատվում են նախկինների կամ ամենանախկինների հետ…Իսկ հասարակության զգալի մասի մոտ անվստահություն կա նոր ուժերի ու նոր անձանց հանդեպ. 2018-ի դառը փորձը՝ վկա: Մարդիկ համարում են, որ Հայաստանը փորձադաշտ չէ, որ ով ասես, գա այստեղ «պրակտիկա» ձեռք բերի եւ պետականությունը գլորի անդունդը…

          Ովքե՞ր են գոհ ասուլիսից եւ ինչու՞

Վերջին շրջանում քաղաքական դաշտում տիրող լռությունն ու անորոշությունը հուսահատության մեջ էր գցել հասարակության մեծ մասին: Զգացողություն էր, թե տանը նստած սպասում ենք, թե աշխարհի հզորների  թողտվությամբ ինչպես է Հայաստանը դառնալու «Էրմենիստան»: Շատերն արդեն մտածում էին, թե ինչպես են գոյատեւելու թշնամիների հետ համատեղ կյանքում: Ու, այդ ամենով հանդերձ՝ երկրի գլխին ո՛չ տեր կա, ո՛չ տղամարդ…

Երկրորդ նախագահի ասուլիսը հասարակության լայն շերտերին հանեց այդ հոռետեսական տրամադրություններից: Այն փաստեց, որ Հայաստանն անտեր չէ, եւ, որ աշխարհաքաղաքական այս փոփոխություններն ու ձեւափոխումները կարող են շրջադարձային լինել՝ ի շահ Հայաստանի: Դրա հնարավոր ուղիները տեսնում է երկրորդ նախագահը: Հայտարարելով, որ մասնակցելու են քաղաքական բոլոր պրոցեսներին, Քոչարյանը մեսիջ ուղարկեց, որ պատրաստ է ստանձնել այդ պատասխանատվությունը՝ կասեցնելով Հայաստանի «էրմենիստանացումը»…

Քոչարյանի ասուլիսից գոհ մնացին մարդիկ, ովքեր համոզված են, որ Հայաստանի իրական դաշնակիցը կարող է լինել միայն Ռուսաստանը, քանի որ Հայաստանի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ մեր Եվրոպան, ցավոք, Թուրքիան է…Ի վերջո, մարդիկ  տեսան, թե ՌԴ-ի հետ հարաբերությւոններ փչացնելը որքան թանկ նստեց մեր վրա: Եւ դեռ ավելի վատ կարող է լինել, եթե այսպես շարունակվի: Բզկտված Ուկրաինայի ճակատագիրը՝ վկա…Ուստի Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման քոչարյանական տեսլականը գոհացեց ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների կողմնակիցներին: Ի վերջո, Հայաստանը տեսել է Քոչարյանի ղեկավարած տարիները, երբ ամենաջերմն էին հայ-ռուսական հարաբերությունները, ունեցել ենք տնտեսական աճ, զարգացում, անվտանգություն եւ կայունություն:

Նաիրա Վանյան