Վազգեն Սարգսյանն ամեն ինչից տեղյակ էր. Քոչարյանը՝ Մեղրին Արցախով փոխանակելու ծրագրի մասին

«Ամբողջ բանակցային գործընթացը մինչեւ 1999 թվականը հետեւյալ բովանդակությունն ուներ. Համանախագահողները չէին կարողանում դուրս գալ տարածքային ամբողջականության սկզբունքից դուրս. Ինչ առաջարկ բերում էին, փորձում էին ինքնորոշման իրավունքը ամուսնացնել տարածքային ամբողջականության հետ»: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ այդպիսի առաջրկ է եղել, «Ընդհանուր պետության» առաջարկն ի՞նչ էր՝ ինքնորոշված ԼՂ-ն եւ Ադրբեջանը համատեղ պետություն են ստեղծում  ասիմետրիկ կոնֆեդերացիայի ձեւով, բայց միշտ փորձը եղել է ամուսնացնել այս երկու սկզբունքը: Հիմա հանկարծ Վաշինգտոնում Ալիեւն ինձ ասում է՝ եկեք իրարից անջատվենք: Այդ առաջրչկի մեջ ես տեսել եմ այդ մասը, որը հնարավորություն էր տալիս ճարդել կարծրատիպը համանախագահողների կողմից: Մտածում էի, որ եթե այդ հարցը հենց Ալիեւը բարձրացնի համանախագահողների առջեւ, ուրեմն այս կաղապարված վիճակից դուրս ենք գալիս: Այո, մենք իր հետ բանակցում էինք, ինքն առաջարկում էր դա, ես ասում էի՝ մենք չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը: Պրոցեսը ինքը շահավետ էր մեզ համար: Բայց առաջին օրից ես չէի կասկածում, որ այս քննարկումները հնարավորություն են ունենալու բերել մեզ համար ընդունելի տարբերակի: Համոզված եմ եղել, որովհետեւ այդ ընթացքում Ալիեւը, այոնամենայնիվ, ստանում էր 6 շրջան: Կար այդ մոտիվացիան, որովհետեւ ինքը ստանալու բան ուներ:

Հիմա ասում են՝ քննարկել եք հոկտեմբերի 27-ին: Թելբոթը չի եկել որեւէ առաջարկով, այդ հանդիպման ժամանակ որեւէ առաջարկ ԱՄՆ-ի կողմից չի եղել: Ընդհանրապես, ամբողջ բանակցային գործընթացը հետեւյալն էր. առաջարկները տալիս էին Մինսկի խմբի անունից եւ երբ բերում էին առաջարկ, սովորաբար գալիս էին եռանախագահներով:

Ալիեւը ամերիկյան կողմին պատմել է մեր բանակցային գործընթացի մասին եւ Թալբոթի պատվիրակությունը եկել է Հայաստան հասկանալու համար՝ իսկապես դա այդպես է, թե ոչ: Եվ Ալիեւի եւ մեր ընկալումներն այդ բանակցություններից նույնն են, թե ոչ»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով, այդ ամբողջ գործընթացում 2 տարվա ընթացքում միակ առաջարկը Մինսկի խմբի համանախագահների կողմից եղել է ՔիՎեսթում: Ուրիշ առաջարկ համանախագահների կողմից չի եղել. «Ինձ համար շատ կարեւոր էր, որ Ալիեւն ինքը պատմի իր այդ  մոտեցման մասին համանախագահողներին, որ թեման ինքը բացի: Ես միշտ նույնիսկ չէի հավատում, որ ինքը դա քննարկում է, մտածում էի՝ վաղը հրաժարվելու է, հետ է քաշվելու: Նույնիսկ ձեր հրապարակած նյութը կարդաք, ես ոչ «այո» էի ասում, ոչ էլ «ոչ» էի ասում: Ես շատ զգուշավոր էի, այնպես էի անում, որ թեման շարունակվի առանց պարտավորությունների:

Բանակցությունը գլխով չուգունի պատը ջարդելը չի: Եթէե դու ունես նպատակ, բանակցությունների գործընթացը պետք է այնպես տանես, որ բերես քեզ համար ընդունելի տարբերակի»,- հայտարարել է Քոչարյանը՝ հավելելով, որ ինքը Թուրքիայի նախագահ Դեմիրելի հետ ընդհանրապես այդ թեման չի շոշափել:

Նա անդրադարձել է նաեւ խոսակցություններին, որ այդ տարբերակը համաձայնեցված է եղել ՌԴ-ի  հետ. «Այո, մինչեւ Թելբոթի գալը, դրանից երկու շաբաթ առաջ եղել եմ Մոսկվայում, Ելցինի հետ պետք է այլ հարցեր քննարկեի: Հանդիպումը պետք է տեւեր 1-1,5 ժամ, տեւել է 5 րոպե: Ելցինը ահավոր վատառողջ էր: Այս հարցի վերաբերյալ  ինքն ինձ ասաց՝ Ալիեւի հետ խոսակցություն եմ ունեցել, ինքը շատ գոհ է ձեր բանակցություններից: Ես հարցրեցի՝ դուք մանրամասներին տեղյակ եք, թե՞ ոչ, ասաց՝ ոչ, ընդհանուր գծերով: Մենք պայմանավորվել ենք հանդիպել եւ ավելի մանրամասնորեն խոսենք այդ թեմայի մասին: Եղել է դրական ազդակ, բայց որեւէ քննարկում չի եղել»:

Ինչ վերաբերում է տեսակետին, որ Վազգեն Սարգսյանը տեղյակ չի եղել այդ բանակցությունների մանրամասներից, երկրորդ նախագահն ասել է. «Միայն Դեմիրելի պատմելուց ասում էր՝ Վազգեն Սարգսյանը տեղյակ չէր որոշ մանրամասնություններին: Վազգեն Սարգսյանը տեղյակ էր ամեն ինչից: Վազգեն Սարգսյանը վարչապետն էր, որն ուներ մեծամասնություն խորհրդարանում: Որեւէ լուծում հնարավոր չէր այն ժամանակ իրականացնել առանց վազգեն Սարգսյանի: Ինքը սկզբից մինչեւ վերջ մասնակցել է Թելբոթի հետ հանդիպմանը»: