«Ես չէի խոսում, բայց իմ մասին խոսում էին, նույնիսկ իմ ստվերի մասին էին շատ հաճախ խոսում և հիմնականում խոսում էին նրանք, ովքեր ուզում էին, որ ես չխոսամ»։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդգծելով, որ կա մի մեծ զանգված, որ սպասում է իր խոսքին։
«Մի պահ մտածեցի վարչապետին թողնել մեն մենակ իր ընտրազանգվածի հետ։ Մտածեցի օգտակար կլինի, որ ինքը բացատրի 600 հազար վարչապետներին, թե ինչու է իրենց կյանքը վատանում, թե ինչու է կառավարությունը մտնում իրենց գրպանն անխնա, առանց ամոթի, թե ինչու են իրենք դարձել տուգանքի մատերիալ, թե ինչու կառավարությունը խրվել է կոռուպցիայի մեջ, թե ինչու իրենց աղքատությունն իրենց գլուխներում է, իսկ ՔՊ-ականների հարստությունն՝ իրենց գրպաններում»,- նշել է նա։
Քոչարյանի խոսքով՝ այս հնարավորությունը կարծում է՝ ինչ-որ տեղ աշխատեց, որովհետև ակնհայտ է, որ ստապետությունը սկսել է արդեն յուղ վառել։
