Համընդհանուր հայտարարագրման դեպքում ևս երեք ուղղություններով սոցիալական փոխհատուցում կտրվի. նոր որոշում

Այս նախագծով առաջարկվում է համընդհանուր հայտարարագրման շրջանակներում ընդլայնել սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին կառավարության նիստում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Դա վերաբերում է երեք ուղղությունների: Առաջինը երաժշտական, արվեստի, երգարվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների եւ ԿԳՄՍՆ կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի եւ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարներն են:

Հաջորդը միջնակարգ, ընդհանուր մասնագիտացված, հատուկ  կրթական ծրագրերի շրջանակում դասագրքերի վարձակալության ծախսերն են, յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան 3 հազար դրամի չափով:

2024-2025 թվականների ընթացքում ատամնաբուժական ծառայությունների գծով ծախսեր:

Նախատեսվում է սահմանել նաեւ նոր ուղղություններով սոցիալական ծախսերի մասով հայտարարատուները եկամտային հարկից փոխհատուցում ստանալու են նաեւ 2024-ի համար, այսինքն հետադարձ ուժով:

Նոր ուղղություններով եկամտային հարկից փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե սոցիալական ծախսերը կատարվել են անկանխիկ, բացառությամբ դասագրքերի վարձակալության նպատակով կատարված ծախսերի, որոնց մասով վճարում կատարված լինելու հանգամանքը հաշվի չի առնվում:

Նոր կրթական ծառայությունների մասով կատարված սոցիալական ծախսերը փոխհատուցվում են, եթե կրթական ծառայությունները երաշխավորված են լիազոր մարմնի կողմից:

Կրթական ծրագրերի երաշխավորված լինելու հանգամանքը 2024 թվականի հաշվետու տարվա մասով դիտարկվելու է հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ, իսկ հետագա հաշվետու տարիների մասով՝ կրթական ծառայությունները մատուցող անձի կողմից հաշվարկային փաստաթղթի դուրս գրման ամսաթվի դրությամբ»,- հայտարարել է նախարարը: