ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՀԱՅՑ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՀԱԱԳԱ-Ի ԴԱՏԱՐԱՆ

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են.«Ադրբեջանը հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հաագայի մշտական ​​արբիտրաժային դատարան՝ հիմք ընդունելով 1979 թվականի Եվրոպայի վայրի բնության, բուսական աշխարհի և բնական միջավայրի պահպանման մասին կոնվենցիան (Բեռնի կոնվենցիա), հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հայտարարության համաձայն՝ հայցը ներկայացվել է այս տարվա փետրվարի 12-ին։ Փաստաթղթում խոսվում է Բեռնի կոնվենցիայով Հայաստանի կողմից ստանձնած իրավական պարտավորությունների բազմաթիվ խախտումների մասին։

Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի առաջին հայտնի միջպետական ​​արբիտրաժային գործընթացն է՝ հիմնված Բեռնի կոնվենցիայի վրա, ընդգծել են ԱԳՆ-ում։

«Ադրբեջանը տարածքները օկուպացիայից ազատագրելուց հետո բացահայտեց Հայաստանի կողմից շրջակա միջավայրի ոչնչացման սարսափելի փաստերը։ Այս երկիրը չկարողացավ պաշտպանել կենսաբազմազանությամբ աշխարհի ամենահարուստ թեժ կետերից մեկում բնակավայրերն ու տեսակները: Հայաստանի գործողությունները անդառնալի ու լուրջ վնաս են հասցրել տարածաշրջանի կենդանական աշխարհին ու տեսակներին»,- ասված է հաղորդագրությունում։

2023 թվականի հունվարի 18-ին Ադրբեջանը Հայաստանին արբիտրաժային ծանուցում է ուղարկել վերոնշյալ ապացույցների հիման վրա արբիտրաժային վարույթ սկսելու մասին։ 2023 թվականի սեպտեմբերի 15-ին հաստատվել է արբիտրաժային տրիբունալի կազմը, իսկ 2024 թվականի ապրիլի 12-ին Հաագայի Խաղաղության պալատում կայացել է Ադրբեջանի և Հայաստանի միջև առաջին դատավարական լսումները»։