Եվ այսպես, Փաշինյան Նիկոլն արտաքին տերերի փնտրտուքի մեջ արդյունքի չհասավ: Որքան էլ ամերիկաներում ակումբային ամբիոններ գտավ ու լուրջ դեմքով ելույթ ունեցավ՝ գրեթե ինքն իր համար, Թրամփն այդպես էլ նրան բանի տեղ չդրեց, ոչ էլ նկատեց: Դե, մյուս գերտերության՝ Ռուսաստանի ղեկավարի հետ հարաբերությունների մասին խոսելն ավելորդ է: Ճարը կտրած գնաց, սփոփվեց իր նման անտեր-անտիրական մնացած Մակրոնի գրկում: Վերջը համոզվեց, որ իր միակ տերը մնացել է Էրդողանը, որի հեղինակած գիրքը սրտին սեղմած երջանիկ նկարվելիս, հավանաբար, կանխատեսում էր իր գլխի գալիքն ու ապագան:
Ակնհայտ է, որ իր անտեր-անտիրոջ մնացած վիճակը Փաշինյանին գցել է ցայտնոտի մեջ: Ֆրանսահայ մեծ համայնքից ընդամենը մի քանի հոգու հետ հանդիպման ժամանակ մի «աշխարհացունց» հայտարարություն արեց, որ Հայաստանում բոլոր կուսակցությունները դաշնակցական են՝ ՀՀՇ-ից սկսած: Հիշեցնենք, որ ՀՀՇ-ի իշխանության տարիներինն 1994 թվականի ՀՀ նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հրամանագրով Հայաստանում կասեցվել է ՀՅԴ գործունեությունը: Ըստ Փաշինյանի, դաշնակցական է նաեւ, ոչ ավել, ոչ պակաս՝ ՔՊ-ն: Ներկա գտնվողների դեմքի արտահայտությունների մեջ ամեն ինչ կարելի էր տեսնել՝ արմանք-զարմանք, տարակուսանք, զայրույթ, զզվանք: Բայց դժվար էր տեսնել վստահություն, հավատ, համակրանք: Հիշեցնենք, որ հենց Ֆրանսիայի ակտիվ դաշնակցականների մուտքը Հայաստան արգելվել էր հենց Փաշինյանի ցանկությամբ…
Ինչեւէ, ինքն իր ասելիքն ասաց ու գնաց. ՔՊ-ն դաշնակցական է…
Դեռեւս ոչ վաղ անցյալում Փաշինյանը կռիվ էր տալիս դաշնակցական հին ու նոր դեմքերի ստվերների հետ, Հայաստանի եւ հայերի հետ տեղի ունեցած բոլոր ողբերգությունները կապում դաշնակցականների, նրանց ՆԵՄԵՍԻՍ ծրագրի, այն իրականացրած Թեհլիրյանի հետ: Ակնհայտ է, որ Թեհլիրյանի, առհասարակ, դաշնակցականների ստվերը հանգիստ չի տալիս Փաշինյանին: Հիմա, երբ մնացել է անտեր, սկսեց «սիրաշահել» նրանց, խաթրներն առնել, թե՝ բա՝ մենք էլ ենք «ձերոնցական»…
Միգուցե, մտածում է Փաշինյանը՝ մարդ ես, մեկ էլ տեսար՝ աթոռից ընկնելուց հետո էդ խենթերը ճամփին մի տեղ հանդիպեցին ու սկսեցին երգել. «Գինի՛ լից»…Ի՞նչ իմանաս՝ ի՞նչ է մտածում Փաշինյանը, որ դաշնակցականների հանդեպ «կակղել է»…
Հավանաբար, ողջ եւ հանգուցյալ դաշնակցականները որպես անձնական հայհոյանք ընդունեցին նման հայտարարությունը, թե ՔՊ-ն դաշնակցական է …Ասենք՝ Արփի Դավոյանը, Լիլիթ Մակունցը, Վահագն Ալեքսանյանը եւ, առհասարակ, ՔՊ-ն իր ցուցակով՝ վերեւից ներքեւ, ո՞նց կարող է լինել դաշնակցական…
Դաշնակցությունը միայն կուսակցություն չէ, այն ազգային գաղափարախոսություն է, համահայկական արժեք: Նույնիսկ Փաշինյանն իր վարչապետության առաջին տարում շնորհավորելով Հայ Հեղափոխական Դաշնակցության 33-րդ Ընդհանուր ժողովի պատգամավորներին և հյուրերին, ասել է.
«ՀՅԴ-ն անցել է պատմական մեծ ուղի՝ հերոսական ու ողբերգական, երբեմն՝ հակասական ու վիճելի, երբեմն՝ միարժեքորեն իրավացի, հաճախ՝ հալածված, բայց միշտ կիսել է իր ժողովրդի ճակատագիրը։
Բացառիկ է Դաշնակցության դերը աշխարհասփյուռ հայության ազգային ինքնության պահպանման, գաղթօջախների կազմակերպման, հայկական կառույցների կայացման գործում»….եւ այլ նման խոսքեր։
Հավանաբար, ՀՅԴ-ն պաշտոնապես կարձագանքի Փաշինյանի այս աղմկահարույց հայտարարությանը:
