ԱԶԴԵՑԻԿ ՈՒ ԲԱԽՏԱՎՈՐ ՓԵՍԱՆԵՐ. ՄԱՍ 1-ԻՆ. ԹՐԱՄՓԻ ՓԵՍԱՆ

Որքան էլ քաղաքակրթության զարգացմանը զուգահեռ հասարակական պահանջ է առաջանում՝ վերջ դնել ընտանեկան «դինաստիայի» ավանդույթներին եւ երկրի ղեկավարի ընտանիքի անդամներին չտրվեն իշխանական արտոնություններ, միեւնույնն է, ղեկավարները մահկանացուներ են եւ բոլորի մոտ կա «ինչ անում ենք, երեխեքի համար ենք անում» հոգեբանությունը:  Ցանկացած երկրի ղեկավար, կամա թե ակամա,  իր ընտանիքի անդամներին ինչ-որ արտոնություններ է տալիս: Իսկ եթե այդ անդամը օժտված է նաեւ կառավարման գիտելիքներով եւ ինտելեկտուալ պաշարով, ապա դա դառնում է անխուսափելի եւ ինչ-որ չափով՝ արդարացված: Մարդը հո կրակը չի ընկել, որ իր աները կամ այլ մերձավորը երկրի ղեկավար է: Ինքը հո ստվերում չի՞ մնալու:  Դե, իսկ ազդեցիկ մարդիկ, որպես կանոն, իրենց դուստրերին հենց այնպես չեն ամուսնացնում, մինչեւ տարբեր չափորոշիչներով ապագա փեսացուի  խելքը չչափեն: Թե որքանով են «առաջին» փեսաներն իրենց անձնական կյանքում իսկապես երջանիկ, միայն իրենք կիմանան: Բայց, որ նման կարգավիճակըշատ դռեր է բացում ու կանաչ լույս վառում նրանց ճանապարհին, դա փաստ է:

Նման արտոնություններից օգնվում են հիմնականում նախագահների անմիջապես ընտանիքի անդամները՝ որդիները, փեսաները: Իսկ,  քանի որ հայերս «ջիգյարի մեռած» ազգ ենք, մեր մոտ այդ շրջանակն ավելի ընդլայնված է՝ եղբայրներ, եղբորորդիներ, քույրեր, աներձագեր, քավոր-սանիկներ եւ այլն:
«Համաշխարհային» եւ մեր «անձնական» փորձը ցույց է տալիս, որ երկրների ղեկավարների վրա, որպես կանոն,  իրենց  փեսաները մեծ ներգործություն են ունենում աշխարհաքաղաքական եւ ներքաղաքական հարցերում որոշումներ կայացնելիս:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թե՛ առաջին, թե՛ երկրորդ անգամ նախագահ ընտրվելուց անմիջապես հետո առաջին քայլերով ուրախացնում է իր փեսային՝ ազգությամբ հրեա Ջարեդ Քուշներին: Առաջին անգամ նախագահ ընտրվելով, Թրամփը նրան նշանակեց իր ավագ խորհրդական: Այդ տարիներին Քուշները առանցքային դեր է խաղացել «Աբրահամի համաձայնագրերի» շուրջ բանակցությունների ժամանակ, որոնց արդյունքում դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Իսրայելի և արաբական մի քանի պետությունների, այդ թվում՝ ԱՄԷ-ի, Բահրեյնի, Սուդանի ու Մարոկկոյի միջև: Այս անգամ, կարծես թե, նա մտադիր չէ վերադառնալ Սպիտակ տուն: Այդ մասին գրել է Financial Times թերթը: Քուշները, նույնպես, մի քանի անգամ հայտարարել է, որ շահագրգռված չէ կառավարություն վերադառնալու հարցում: Սակայն, Մերձավոր Արևելքում առկա ճգնաժամը կարող են ստիպել նրան՝ մտափոխվել։

Անգամ Սպիտակ տուն չվերադառնալու պարագայում էլ ամերիկյան վերլուծաբանները վստահ են, որ Քուշները առանցքային դեր կխաղա Մերձավոր Արևելք-ԱՄՆ փոխհարաբերություններում, ապահովելով լավ հարաբերությունները տարածաշրջանի բազմաթիվ առաջնորդների հետ։ ԱՄՆ «գլխավոր փեսան» այդտեղ ֆինանսական շահեր ունի:

Times of Israelը գրում է.«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածն ԱՄՆ-ի վերահսկողության տակ առնելու և պաղեստինցիներին տեղահանելու աղմկահարույց ծրագրի հեղինակը նրա հրեա փեսան է՝ Ջարեդ Քուշները:

Քուշները ներգրավված է եղել Թրամփի՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Սպիտակ տանն ունեցած ելույթի տեքստի մշակմանը, ինչի մասին պատմել է խնդրին ծանոթ անանուն աղբյուրը՝ հավելելով, որ Նեթանյահուն նման ծրագիր ներկայացնելու խնդրանքով չի դիմել ԱՄՆ նախագահին»:

2021թ-ին Ջարեդ Քուշները եւ իր  օգնական Ավի Բերկովիցը առաջադրվել են Նոբելյան մրցանակի՝ Իսրայելի եւ արաբական աշխարհի պետությունների միջեւ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ իրականացված չորս բանակցություններում եւ դրանց արդյունքում կնքված չորս համաձայնագրերում մասնակցություն ունենալու համար, որոնք հայտնի են «Աբրահամի համաձայնագրեր» ընդհանուր անունով։

Շարունակելի…

Նաիրա Վանյան