Վերջին շրջանում հայկական մեդիադաշտում կրկին ակտիվացել է Թուրքիայի Մեջլիսի նախկին պատգամավոր, Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչ Կարո Փայլանը: Նա ակտիվորեն քարոզում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների «նորմալացման» պրոցեսի «դրական» կողմերը, հայ-թուրքական սահմանի բացման «անհրաժեշտությունը», ցեղասպանությունից հրաժարվելու՝ Փաշինյանի վարած քաղաքականության «լուսավոր» կողմերը, եւ այլն:
Երբ հարցազրույցներ է տալիս, խոսում է Կարո Փայլանը, տպավորություն է թե թուրքական երկնքից Փաշինյանին օգնական «հրեշտակ» է եկել…
Ըստ կենսագրական տվյալների, Փայլանի հայկական ընտանիքը Մալաթիայից է: Փայլանն ինքը բազմիցս խոսել է իր ցեղասպանված տատի մասին… Նա Ստամբուլի Յեշիլքոյ թաղամասում գտնվող հայկական նախակրթարանի հիմնադիր ներկայացուցիչն է։ 2015-ին Փալյանը Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցությամբ դարձել է Թուրքիայի մեջլիսի պատգամավոր:
Իր գործունեության սկզբում Փալյանը քիչ թե շատ հայկական ազգային գործչի տպավորություն էր թողնում: Ինչը, սակայն, աստիճանաբար մշուշոտվեց. որքան ջերմացան նրա հարաբերությունները թուրքական իշխանությունների հետ, այնքան Փայլանը դարձավ կասկածելի, անհասկանալի գործիչ՝ թուրքամետ գաղափարներով…Տպավորություն է, թե նա թուրքական իշխանությունների կողմից աճեցված «հարմար ընդդիմություն է», ով Թուրքիայի Մեջլիսում մեկ-երկու սկանդալային միջադեպ-քաշքշուկ սարքելով, Հայաստանում փորձեց իրենից հերոսի կերպար կերտել՝ հետագայում այդ կերպարը համապատասխան քարոզի համար օգտագործելու նպատակով…Մենք արդեն այդ ձեռագրին լավ ծանոթ ենք՝ Փաշինյանի «շնորհիվ»…
Թուրքիայում Հրանտ Դինքի սպանությունից հետո Ֆրանսիայի հայերը, մտահոգվելով, որ թուրքերը կարող են Փայլանի հետ նույնպես այդպես վարվել, նրան առաջարկում են տեղափոխվել Ֆրանսիա՝ պատրաստակամություն հայտնելով օգնել կեցության եւ այլ խնդիրներով: Փայլանը հրաժարվում է՝ ասելով, որ պետք է վերադառնա՝ իր գաղափարակից ընկերների մոտ լինելու:
Ցեղասպանվածի թոռ Կարոն հիմա պատրաստ է մոռանալ 1915-ի ոճիրը. նա իր հարցազրույցներում քարոզում է տնտեսական «լուսավոր» ապագայի տեսլականը, որ եթե բացվի Հայաստան-Թուրքիա սահմանը, Հայաստանը ցորենը կներկրի Թուրքիայից, տուրիստները շատ գնան ու գնան երկու երկրների միջեւ: Հայաստանի ժողովուրդը լավ կապրի: Այստեղ Փայլանի մեջ խոսում է խաչատուրսուքիասիանական բիզնես շահի ոգին. ըստ որոշ աղբյուրների, Փայլանը մտերիմ հարաբերությունների մեջ է ՔՊ-ական օլիգարխ Խաչատուր Սուիքասյանի հետ: Այսինքն, ըստ Փայլանի, կարեւորը շատ փող ու եկամուտ ունենալն է, թող գրողի ծոցը կորչեն ազգային տնտեսությունը, ազգային պետությունը եւ ազգային արժանապատվությունը: Փայլանը հիմա լծված է թուրքիայի ժողովրդավարացման իմիջը ստեղծելու կամ բարձրացնելու «սուրբ» գործին:
Փայլանը նաեւ ուզում եւ քարոզում է, որ Հայաստանը կատարի Թուրքիայի ցանկությունը եւ, ռուսական զորքերը դուրս բերվեն հայ-թուրքական սահմանից:
Փայլանը համոզված է, որ հնարավոր է հայերի եւ ադրբեջանցիների հաշտ ու համերաշխ ապրելը: Նա այդ վստահությունը հիմնավորում է 35 տարի առաջ հաշտ ապրելու հանգամանքով: Մինչդեռ, նա մոռանում է, որ այս 35 տարվա մեջ շատ արյուն է հոսել. հայ զինվորների գերեզմաների, Եռաբլուրի հողը դեռ չի սառել, դեռ չի չորացել վրայի արցունքները: Զոհվածների ծնողները ո՞նց կարող են հաշտ ապրել իրենց որդու դահիճի հետ…
Ի վերջո, Փայլանն ուզում է.«Ապագա շինենք թուրքերի ազերիների ու քրդերի հետ, այսպիսի երազ մը ունենաք»…
Նաիրա Վանյան
