Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն դատապարտում է Ադրբեջանի քաղաքականությունը

 

Ինչպես արդեն գրել ենք, Ադրբեջանում լրագրողների նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում: Մի քանի տասնյակ ընդդիմադիր լրագրողներ, լրատվամիջոցների ղեկավարներ, ովքեր քննադատում են Ալիեւյան կլանի կոռումպացված համակարգը,  դատապարտվել են ազատազրկման՝ մաքսանենգության մեղադրանքով:

Օրերս Argument.az կայքի խմբագիր եւ Meydan TV-ի աշխատակից Շամշադ Աղան Meydan TV-ի գործով մեղավոր  ճանաչվեց մաքսանենգության մեջ եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 2 ամիս 1 օր կալանքը։

Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն (CPJ) դատապարտել է  այդ բռնաճնշումը և կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին՝ ազատ արձակել նրան և այլ բանտարկված լրագրողների։

«Շամշադ աղայի ձերբակալությունը հաստատում է Ադրբեջանի իշխանությունների տխուր մտադրությունը՝ էլ ավելի լռեցնելու երկրի առանց այդ էլ պատժված անկախ լրատվական հանրությանը», — ասել է CPJ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Գյուլնոզա Սաիդը:

«Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի լրատվամիջոցների նկատմամբ իր աննախադեպ ճնշումները և ազատ արձակի Շամշադ աղային և անարդարացիորեն բանտարկված մյուս լրագրողներին», — ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Փետրվարի լույս 4-ի գիշերը ոստիկանները բերման են ենթարկել լրագրողին և խուզարկել նրա տունը՝ առգրավելով համակարգիչը, բջջային հեռախոսը, եղբոր հեռախոսը և այլ համակարգչային տեխնիկա։

Փաստաբան Շախլա Գումբատովան լրատվամիջոցներին հայտնել է, որ Շամշադ աղան կալանավորվել է որպես Meydan TV-ի գործով կասկածյալ։ Meydan TV-ի վեց լրագրողներ բերման էին ենթարկվել անցյալ տարվա դեկտեմբերին նույն մեղադրանքով՝ «մաքսանենգություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»։

Ձերբակալվածները 2023 թվականի վերջից ի վեր արևմտյան ֆինանսավորման մեջ մեղադրվող 19 լրագրողների և լրատվամիջոցների աշխատողների թվում են:

Իր հերթին, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը նույնպես դատապարտել է Շամշադ աղայի և Շահնազ Բեյլարգիզիի կալանավորումը.

«RBG-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել այս երկու լրագրողներին և կալանքի տակ գտնվող մյուս 21 լրագրողներին»։