Վերջին շրջանում պաշտոնական Բաքուն մի քանի հակառուսական կտրուկ քայլեր է անում.
Ադրբեջանը ցանկանում է, որ «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալությունը դադարեցնի իր գործունեությունը երկրում։ Ըստ հաղորդագրության՝ պաշտոնական Բաքուն դիվանագիտական ուղիներով պաշտոնական ծանուցում է ուղարկել Ռուսաստանին։
Հունվարի 24-ին Բաքվի կառավարամետ հեռուստաալիքը ռեպորտաժ է հեռարձակել Բաքվի «Ռուսական տուն» մշակութային կենտրոնի մասին։
«Ռուսական տուն, ավելի ճիշտ՝ ռուսական հետախուզական տուն» վերնագրված պատմության մեջ մի շարք մեղադրանքներ են հնչել այս կազմակերպության գործունեության վերաբերյալ։ Մի քանի օր անց ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է ՌԴ ԱԳՆ։
Մինչ այդ պաշտոնական Բաքուն ավիովթարի մեղքն ամեն կերպ ուզում էր բարդել ռուսական կողմի վրա:
Իսկ երեկ Ալիևը կարգադրություն է ստորագրել Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու համար միջոցներ հատկացնելու մասին։
Այս ամենը ընդգծված հակառուսական քայլեր են, որոնք Ալիեւն իրականացնում է իր հարաբերությունները ՌԴ-ի հետ վատացնելու նպատակով: Դրա ետին միտքը կարող է լինել այն, որ եթե Ադրբեջանը Սյունիքի ուղղությամբ ռազմական ագրեսիա իրականացնի կամ, Փաշինյանի համաձայնությամբ բացվի իրենց բաղձալի՝ «Զանգեզուրի» միջանցքը, ՌԴ-ն այստեղ վերահսկողություն սահմանելու որեւէ նկրտում եւ «մանդատ» չունենա…Այս հարցում Փաշինյանն ու Ալիեւը գործում են «սինխրոն»…
