Դոնալդ Թրամփը երեկ երեկոյան Վաշինգտոնում Նեթանյահուի հետ կայացրած մամուլի ասուլիսի ժամանակ աղմկահարույց հայտարարություն արեց, որ ԱՄՆ-ը «կտիրանա» և «տիրանա» Գազային:
Հարցին, թե ԱՄՆ-ն ինչ հեղինակությամբ կարող է վերահսկել Գազայի հատվածը, նա հստակ պատասխան չտվեց՝ ասելով, որ տեսնում է «երկարաժամկետ սեփականության դիրք», որը, նրա պնդմամբ, կայունություն կբերի Մերձավոր Արևելքի այդ հատվածին:
Իսկ հարցին, թե ինչ պետք է անեն պաղեստինցիները, որոնց տունը Գազան է, Թրամփը պատասխանել է.«Վաշինգտոնը կխնդրի մյուս հարևան երկրներին ընդունել Գազայից տեղահանված պաղեստինցիներին»: Վերջին երկու շաբաթվա ընթացքում նա բազմիցս խնդրել է Եգիպտոսին և Հորդանանին դա անել: Նրանք և արաբական այլ երկրներ մերժել են նրա առաջարկը։
«Փոխարենը, մենք պետք է մարդասիրական սրտով գնանք այլ հետաքրքրություն ներկայացնող երկրներ, և կան շատերը, ովքեր ցանկանում են դա անել և կառուցել տարբեր տիրույթներ, որոնք, ի վերջո, կզբաղեցնեն Գազայում ապրող 1,8 միլիոն պաղեստինցիները՝ վերջ տալով մահվանն ու ավերածություններին և, անկեղծ ասած, դժբախտությանը».-ասել է նա։
Միջազգային մամուլն անդրադրձել է այս հայտարարությանը՝ հղում անելով մարդու իրավունքների փորձագետների, որոնց կողմից դա որակվել է որպես էթնիկ զտումների հավանություն: «Թրամփի առաջարկը, որ Գազայի բնակիչները պետք է «մշտապես վերաբնակեցվեն», նրանց հարկադիր տեղահանումը կլինի միջազգային իրավունքի խախտում և կարժանանա տարածաշրջանի այլ երկրների և ԱՄՆ-ի արևմտյան դաշնակիցների կատաղի հակազդեցությանը».- գրում է բրիտանական մամուլը:
Դիտարկմանը, թե Գազայի բնակիչները ցանկանում են վերադառնալ իրենց տուն, Թրամփը հակադարձել է.«Ցանկանում են, քանի որ այլընտրանք չունեն: Եթե նրանք այլընտրանք ունենային, ավելի լավ կլիներ, որ չվերադառնան Գազա և ապրեին գեղեցիկ այլընտրանքում, որն ապահով է»:
Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը զորքեր կուղարկի Գազա, որպեսզի օգնի հեշտացնել իր ծրագիրը, Թրամփը պատասխանել է. «Մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է: Եթե դա անհրաժեշտ լինի, մենք կանենք դա»:
Սա առաջին դեպքը չէ, երբ Դոնալդ Թրամփը եւ իր թիմը հանդես է գալիս Գազայում պաղեստինցիներին այլուր վերաբնակեցնելու գաղափարով, ինչը, ըստ իրավապաշտպանների, կհամարվի էթնիկ զտումներ:
Գրեթե ուղիղ մեկ տարի առաջ Թրամփի փեսան և իր նախկին օգնական Ջարեդ Քուշներն են նման արտահայտություններ արել՝ գովաբանելով Գազայի «ջրափնյա սեփականության» «շատ արժեքավոր» ներուժը և առաջարկելով Իսրայելին հեռացնել խաղաղ բնակիչներին, մինչ նա «մաքրի» տարածքը:
«Գազայի ծովափնյա սեփականությունը, այն կարող է շատ արժեքավոր լինել, եթե մարդիկ կենտրոնանան ապրուստի միջոցներ ստեղծելու վրա», — ասել է Քուշները Հարվարդի համալսարանի ծրագրի YouTube ալիքում հրապարակված հարցազրույցում:
