Ադրբեջանի նախագահ Ալիևը հրամանագիր է ստորագրել գաղտնի տեղեկատվության ցանկում փոփոխություններ կատարելու մասին, որի համաձայն՝ թարմացվել է «Պետական գաղտնիքի հետ կապված տեղեկատվության ցանկի» պետական պաշտպանության պատվերի և ռազմական նշանակության արտադրանքի բաժինը։
Թարմացված կանոնների համաձայն՝ ադրբեջանի պաշտպանության պետական պատվերի հետ կապված տեղեկատվությունը, ներառյալ զենքի, ռազմական տեխնիկայի և այլ ռազմական արտադրանքի արտադրությունը, արտահանումը և վաճառքը, գաղտնի կմնա։ Բացի այդ, արտադրական հզորությունների, արտադրական տեղամասերի, պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների ֆինանսական հաշվետվությունների և այլ կազմակերպությունների հետ նրանց համագործակցության մասին տեղեկատվությունը պետք է գաղտնի պահվի: Հրամանագիրը հանդիսանում է Ադրբեջանի պաշտպանական և ռազմավարական ոլորտներին առնչվող գաղտնի տեղեկատվության վերաբերյալ օրենսդրական վերջին փոփոխությունների շարունակությունը։
ՀՀ փաշինյանական իշխանությունը, կարծես թե, դրա հակառակ քաղաքականությունն է որդեգրել: Եթե Ֆրանսիան որոշում է մի «ջրցան» մեքենա ուղարկել Հայաստան, ապա, որոշումը դեռ թղթի վրա, մենք «հարայ-հրոցը» գցում ենք, թե՝ տեսեք, Ֆրանսիան մեզ զենք է տալիս: Հնդկական ռազմարդյունաբերողները իրենց չփորձակված զինամթերքը ռեալիզացնում են Հայաստանի վրա եւ մի լավ PR անում իրենց, թե՝ զենք են վաճառել: Ընդ որում, հայաստանյան որոշ ռազմական փորձագետներ կասկածի տակ են դնում այդ զենքի արդյունավետությունը, պիտանելիությունն ու գնային համապատասխանությունը: Արդյունքում ստացվում է, որ մեր զինված ուժերը, թեեւ չեն համալրվում անհրաժեշտ ռազմատեխնիկայով, բայց Ադրբեջանի ղեկավարին առիթ են տալիս հայտարարելու, թե «ֆաշիստ ու ագրեսոր» Հայաստանը զինվում է, որ հարձակում իրականացնի Ադրբեջանի Վրա:
Իհարկե, Հայաստանը պարտավոր է եւ իրավունք ունի զինվել այնքան, որքան անհրաժեշտ է եւ պատասխանատու չէ որեւէ բռնապետի առաջ: Բայց այդ ամենը կարելի է անել առանց անհարկի աղմուկի ու գովազդի…
