Փոխվարչապետը չպատասխանեց հարցին, թե՝ Հայաստան-Վրաստան ճանապարհը անցնելու՞ է Ադրբեջանին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ԱԺ-ում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարց ուղղեց, թե սահմանազատման գործընթացում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար-Կիրանց հատվածում որեւէ հատվածի հանձնում ադրբեջանական կողմին կա, թե՞ չկա:

Մհեր Գրիգորյանը հարցին ուղիղ պատասխանելու փոխարեն՝ «լղոզեց»․ «Մենք ունենք հաստատված կանոնակարգ եւ այն հստակ նկարագրում է, թե ինչպես են կայացվում որոշումները, ինչ տեսք են ստանում այդ որոշումները, եւ ինչպես են դրանք մտնում ուժի մեջ: Այս շրջանակներում դուք կարող եք գտնել Ձեր հարցի պատասխանը»,-ասաց Մհեր Գրիգորյանը:

Ի պատասխան Գառնիկ Դանիելյանն արձագանքեց. «Միգուցե դահլիճում հարցնենք, որեւէ մեկը Ձեր ասածից բան հասկացա՞վ թե՞ ոչ: Կոնկրետ հարց եմ տալիս, ակնկալում եմ հստակ պատասխան»:

Մհեր Գրիգորյանը պատասխանեց․ «Նախ հաշվի առնելով հարցի կարեւորությունը և զգայնությունը, դուք պարտավոր եք նաեւ բացահայտեք, թե որ աղբյուրից եք ստացել նման տեղեկատվություն»: