«Ռուսաստանը շնորհավորում է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ողջունում է երկու երկրների միջև շփումները վերսկսելու նրա հայտարարված մտադրությունը».-այսօր ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասել է Վլադիմիր Պուտինը։
«Մենք լսում ենք ԱՄՆ նորընտիր նախագահի և նրա թիմի անդամների հայտարարությունները Ռուսաստանի հետ ուղիղ կապերը վերականգնելու ցանկության մասին, որոնք դադարեցվել են հեռացող վարչակազմի կողմից։ Մենք նաև լսում ենք նրա հայտարարությունը Երրորդ համաշխարհային պատերազմը կանխելու համար ամեն ինչ անելու անհրաժեշտության մասին»,- ասել է Պուտինը։
«Իհարկե, մենք ողջունում ենք նման վերաբերմունքը և շնորհավորում ենք ԱՄՆ ընտրված նախագահին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ»,- հավելեց նա։
Մոսկվան երբեք չի «հրաժարվել երկխոսությունից» Վաշինգտոնի հետ և միշտ պատրաստակամություն է հայտնել գործ ունենալ ԱՄՆ ցանկացած վարչակազմի հետ, նշել է նախագահը։ Ռուսաստանը հավատարիմ է մնում իր սկզբունքներին և կարծում է, որ երկխոսությունը պետք է կառուցվի «հավասար և փոխադարձ հարգանքի հիման վրա», — ընդգծել է Պուտինը:
