Բաքվում այսօր տեղի ունեցող հայ ռազմագերիների եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությանն ընդառաջ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ տեղի ունեցավ հանրային ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով։ Ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի ՀՀ արտգործնախարարության շենք։ Ցուցարարները պահանջում են ազատ արձակել Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներին, քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։
Հասարարական եւ քաղաքականտարբեր կառույցներ եւ անհատներ հրապարակավ իրենց աջակցությունը հայտնեցին գերիներին՝ պահանջելով ազատ արձակել նրանց: Արցախի խորհրդարանը երեկ հայտարարություն տարածեց 16 հայ պատանդների նկատմամբ Ադրբեջանում սկսվող «ապօրինի ու կեղծ» դատավարության կապակցությամբ: Հայտարարությամբ նաեւ ՀՀ իշխանություններին կոչ են անում հետևողականորեն ու վճռականորեն բարձրացնել գերիների հարցը՝ բոլոր ատյաններում, քանի որ «Հայազգի բոլոր պատանդների իրավունքների պաշտպանությունն ու հայրենիք վերադարձը մտնում են ՀՀ պետական մարմինների իրավական ու բարոյական պարտավորությունների մեջ»:
Հայտարարությունից ժամեր անց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական Հայրենիք»-ը հայտարարություն տարածեց, թե իրենք համաձայնություն չեն տվել գերիների վերաբերյալ տեքստին և իրենց անունից հանդես գալու իրավասություն չեն վերապահել որևէ մեկին։
«Միասնական հայրենիք» խմբակցությունը զերծ է մնում միասնականության դրսևորման կեղծ փորձերից, ուստի և պահանջում է հանել իր անունը հայտարարության տակ ստորագրած մասնակիցների ցանկից»,- ասված էր հայտարարության մեջ։
Մինչդեռ, Արցախի խորհդարանից լրատվամիջոցներին վստահեցրեցնում են, որ Բաբայանի երկու կուսակիցները՝ ԱԺ նախագահի պարտականություններն իրականացնող Բաղունցն ու խմբակցության ղեկավարը մասնակցել են հայտարարության տեքստի մշակման աշխատանքներին, անգամ առաջարկներ են արել, որոնք տեղ են գտել հայտարարության մեջ․ «Ի տարբերություն մյուս խմբակցությունների, որոնք ներկա էին տեքստի քննարկումներին՝ մեկական հոգով, «Միասնական հայրենիք»-ից ներկա էին երկուսը:
Թե՝ ինչու Սամվել Բաբայանը հրաժարվեց իր հայրենակից ռազմագերիների վերաբերյալ աջակցության հայտարարությունից, տարբեր հետեւությունների տեղիք է տալիս: Հիշենք, որ Բաբայանը իր հարցազրույցներից մեկում, կարելի է ասել, ցեխ էր շպրտում գերության մեջ հայտնված իր հայրենակիցների վրա. «RusArmInfo»-ի եթերում Բաբայանն ասել է.«Մնացականյան Լևոնը կապվում է Թուրքմենստան իր ծանոթի հետ, ասում՝ Ալիևի փեսուն ասեք՝ գնում եմ, թող սահմանին ինձ բաց թողնեն։ Գնում ա, բայց սահմանին արդեն ասել էին, որ ձերբակալեն։ Բաբայան Դավիթին Բակո Սահակյանը և իր թիմը համոզում են, թե գնա հանձնվի, որ մեզ բաց թողնեն»,- ասել է ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Ուզո՞ւմ եք մեկ-մեկ սենց ասեմ՝ ով ոնց ա հասել ընդեղ։ Դատը կլինի, կլսեք բաց էֆիրում, կհասկանաք իրականում ինչ ա։ (Փաստորեն, Բաբայանի համար Բաքվից հեռարձակված «էֆիրը» վստահելի աղբյուր է: խմբ.) Էդ մարդիկ գնացել են ռուսական բազա, նստել են, սպասել։ Երբ իրենց ախրանաներին, աշխատողներին, ԱԱԾ-ի, ՄՎԴ-ի պետերին սահմանի վրա պառկեցրել են, ասել՝ մինչև ձեր ղեկավարները չգան, ձեզ բաց չենք թողնելու, գնացել են էդ գիշեր ժամը 3-ից մինչև առավոտվա 5-6-ը էդ մարդկանց համոզել, որ եկեք, ձեր հետ ուզում են խոսեն։ Եկել են էնտեղ, նստել են, մի 7-8 ժամ խոսել են, հետո էդ մարդկանց բաց են թողել, իրենց էլ տարել են Բաքու։ Երբ ռուսական բազայից իրենք ուզել են դուրս գան և գնան էդ խոսակցությանը, ռուսական սպայական կազմը ասել է՝ մի արեք դա, բայց իրենք գնացել են։ Գնացել են՝ վստահ լինելով, որ կհամոզեն ադրբեջանցիներին»: տպավորություն է, թե իր չգերեվարվելն «արդարացնելու» համար էր այս հարցազրույցը: Թե ով ինչպես է հայտնվել Բաքվի բանտում, թողնենք մի կողմ, եւ նորից անդրադառնանք բազմիցս հնչած հարցին, թե՝ ինչպես եղավ, որ արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիներին մեծ պարտություններ ու վնաս հասցրած հրամանատարը, ի տարբերություն մյուս հրամանատարների, «համաներման» արժանացավ Բաքվի կողմից եւ հեշտությամբ անցավ սահմանը: Ի՞նչ գործարքի, ի՞նչ պայմանավորվածության արդյունքում եղավ դա: Ավելի լավ կլիներ՝ Բաբայանն անկեղծանար այդ հարցով, ոչ թե նեղության մեջ հայտնված իր հայրենակիցների քայլերը քննարկելով: Իսկ այսօրվա նրա ետքայլը՝ կարելի է գնահատել որպես երախտիքի դրսեւրում Բաքվի հանդեպ՝ իրեն չգերեվարելու համար…
