«Россия сегодня» գործակալության գլխավոր տնօրեն և հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովը NEWS.ru-ի հետ զրույցում հայտարարել է, որ չգիտի, թե «Շաբաթվա լուրեր» հաղորդման կոնկրետ որ հայտարարության համար է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել ԱԳՆ։
«Չեմ հասկանում, թե կոնկրետ ո՞ր հայտարարությունն է վիրավորել հայ եղբայրներին։ Առայժմ մեկնաբանելու ոչինչ չկա»,- պատասխանել է Կիսելյովը։
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«2025թ. հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում:
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրպետյանը Կիսիլյովի հաղորդման եւ նրա հնչեցրած մտքերի մասին լրագրողի հարցմանն ի պատասխան ասել է.«Գիտեք, որ օրերս «Ռոսիա 1» հեռուստաալիքով հաղորդավար Դմիտրի Կիսելյովի կողմից որոշակի հայտարարություններ են հնչեցվել, մասնավորապես արհեստական գեներացված անընդունելի թեզեր, խոսույթներ են շրջանառության մեջ դրվել, որոնք ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ են։ Սրանով պայմանավորված, այո, այսօր ԱԳՆ է հրավիրվել դեսպանը, և բողոքի նոտա է հանձնվել այս կապակցությամբ։ Եթե կհիշեք, նմանօրինակ անընդունելի բովանդակությամբ մեկ այլ հեռուստահաղորդում կար, որը արգելափակված է ինչպես հանրային մուլտիպլեքսի տարածքում, այնպես էլ ցանցային օպերատորներով չի հեռարձակվում՝ Սոլովյովի հաղորդումը: Բոլոր միջազգային հեռուստաալիքներով հեռարձակվող բովանդակությունը, որը ուղիղ կհակասի ՀՀ-ի պետական շահերին, լրջորեն վերանայվելու է Հայաստանի կողմից, և հարկ եղած դեպքում դրանց հեռարձակումը արգելափակվելու է։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կարող է արգելափակել «Ռոսիա 1» հեռուստաալիքի՝ Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» նմանատիպ որոշումից հետո»։
Իհարկե, ողջուների է, որ մեր «պետական այրերը» նրբանկատ են Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ եւ այսքան ցավոտ են տանում ռուս հեռուստամեկնաբանի ոչ հայաստանանպաստ հայտարարությունները: Սակայն, մինչեւ Կիսիլյովի մոտ հասնելը ԲՏԱ նախարարը եւ ԱԳՆ-ն պետք է առաջին հերթին իրենց մոտ կանչեն իրենց ականջի տակ նման գրեթե ամեն օր նման հայտարարություններ անող Փաշինյանին: Ոչ ոք Հայաստանի ինքնիշխանության դեմայդքան հայտարարություններ չի արել, որքան Փաշինյանը՝ Ալիեւից հետո: Ոչ ոք մեր տարածքային ամբողջականությանն այդքան չի վնասել, որքան Փաշինյանն իր հայտարություններով՝ Ալիեւից հետո: Ուստի, առաջին հերթին պետք է եթերազրկել Փաշինյանին, հետո՝ գնալ-հասնել Ռուսաստանները…
Post Views: 113