«Ազատությանը» տված հարցազրույցում Փաշինյանի երբեմնի թիմակից պատգամավոր Հովիկ Աղազարյանը վստահություն է հայտնել, որ առաջիկա ամիսներին Փաշինյանը հրաժարական է տալու ու արտահերթ ընտրություններ են լինելու։
Արտահերթ ընտրությունների անհրաժեշտության կամ հնարավորության վերաբերյալ ընդդիմության պնդումներին իշխանությունից մշտապես հակադարձել են, որ իրենց օրակարգում այդպիսիք չկան:
Հարցին, թե ինչով է հիմնավորում իր այդ պնդումը, Աղազարյանը պատասխանել է.«Ընկերական շրջապատում հիմնավորումները տալիս եմ, սենց չեմ ասի»:
Հովիկ Աղազարյանը, որ մինչև տարեվերջ իշխող թիմի անդամ էր ու տեղյակ իշխանության խոհանոցից ու ոմանց հետ էլ դեռ շարունակում է շփվել, տրամաբանում է՝ Հայաստանի արտաքին գծով զարգացումներ կան, որ արտահերթ ընտրությունները հենց Փաշինյանի իշխանության շահերից են բխում։ Հիմա ավելի մեծ է հնարավորությունը իշխանությունը նորից վերցնելու ու իր ծրագրերը առաջ տանելու համար, բացատրում է նախկին ՔՊ-ականը։
«Այդ իրադարձությունները կան և ոչ միայն իրադարձությունները, այստեղ ուրիշ պատճառներ էլ կան, որոնք իշխանության շահերից են բխում, որպեսզի գնան արտահերթ ընտրությունների», — նշեց Աղազարյանը:
Պատգամավոր Աղազարյանը Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հնաբնակներից էր, հավատարիմ թիմակիցներից։ Նրան իշխող թիմից հեռացրին Նիկոլ Փաշինյանի խնդրանքը չկատարելու ու մանդատը վայր չդնելուց հետո։
Արտահերթ ընտրությունների կանխատեսումների ֆոնին էլ ձեռքերը ծալած չի նստել, կուսակցություն է բացում եւ պատրաստ է իշխանությունը վերցնել ու Հայաստանը կառավարել».- գրում է Ազատությունը։
