Եվ այսպես, վերջին ասուլիսում հնչեցրած Ալիեւի սպառնալիքների և հնարավոր ռազմական գործողությունների կանխատեսումների ֆոնին՝ երեկ հայտնի դարձավ, որ ԵՄ արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում ԵՄ դիտորդների առաքելությունը: Անդամ երկրները ողջունել են առաջարկը և այս պահին քննարկում են անհրաժեշտ օրինական ակտերը՝ Եվրամիության խորհրդի համապատասխան մարմինների հետ։ Խորհրդի որոշումը երկարաձգման շուրջ սպասվում է առաջիկա օրերին։
Հիշեցնենք, որ ԵՄ դիտորդները Հայաստան էին ժամանել 2 տարի առաջ՝ 2023-ին։ Առաքելության ժամկետը լրանում է այս փետրվարին։
Բաքուն չի հաշտվում դիտորդների ներկայության հետ եւ նրանց մեղադսրում է լրտեսության և տարածաշրջանի կայունությունը խախտելու մեջ՝ պահանջելով Երևանից դադարեցնել նրանց գործունեությունը սահմանին: Ալիեւը դա հնչեցրել է հրապարակավ:
Հիշեցնենք, որ դիտորդները Հայաստան եկել են 2022թ-ին, ՀՀ ԱԳն-ի հրավերով:
Առաքելության նպատակն է Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում իր տեղակայման միջոցով նպաստել Հայաստանի սահմանամերձ գոտիներում կայունությանը, կառուցել վստահություն և մարդկային անվտանգություն հակամարտությունից տուժած տարածքներում և ապահովել այնպիսի միջավայր, որը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման՝ ԵՄ աջակցությամբ գործադրվող ջանքերին։
ԵՄ դիտորդների մի խումբ՝ 13-14 հոգուց կազմված, մշտապես տեղակայված է Ջերմուկում: Նրանք` վարորդների, օգնականների հետ, հանգրվանել են Ջերմուկի 3-աստղանի «Անի» հյուրատանը, այն ամբողջությամբ փակել` միայն իրենք են բնակվում, այլևս դրսից հյուրեր չեն ընդունում: Ջերմուկցիները պատմում են, որ դնրանք գրեթե ամեն օր շրջում են մարզում, մեկնում են սահման, սահմանից մի քանի կիլոմետր այս կողմից հետևում են իրավիճակին: Տեղի ադմինիստրացիայի հետ եվրադիտորդները գրեթե շփում չունեն` ոչ մի տեղեկատվություն չեն պահանջում, չեն փոխանցում, և ոչ ոք չգիտի, թե նրանց գործունեությունն ինչում է արտահայտվում:
Դիտորդների ժամանումը շատ էր ուրախացրել ջերմուկցիներին` նրանց ներկայությամբ մարդիկ իրենց պաշտպանված են զգում: 2022-ից հետո ադրբեջանական կողմի ագրեսիայի բացակայությունն էլ ջերմուկցիները դիտորդների ներկայության հետ են կապում և ուզում են, որ նրանք էլի մնան:
Իհարկե, ողջունելի է եվրոպացի դիտորդների ներկայությունը, սրտացավությունը. մարդիկ իրենց տուն ու տեղը թողել եկել են մեր սահմաններն են վերահսկում, որ թշնամին նորից բարբարոսություն չգործի ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, այնպես, ինպես վարվեց Արցախի հետ: Սակայն, երբ լսում ենք Ալիեւի բարձրագոչ ու ռազմատենչ հայտարարությունները, հավակնոտ ու գլոբալ ծրագրերը, որոնք, բնականաբար, քաջալերվում ու հավանության են արժանանում Թուրքիայից, ապա մշուշոտ է դառնում դիտորդների ներկայությամբ պայմանավորված՝ Հայաստանի սահմանների ապահովության հեռանկարը: Ալիեւին կկասեցնի՞ դիտորդների ներկայությունը, նա ետ կկանգնի՞ իր զավթողական ու ռազմատենչ ծրագրերից, թե՞ կգնա առաջ… Եվ, վերջապես, եթե Ադրբեջանը Հայաստանի սահմանների նկատմամբ դիմի ռազմական ագրեսիայի, ի՞նչ կանեն դիտորդները իրենց ձեռքի տակ եղած միակ զենքով՝ հեռադիտակով, կշարունակե՞ն մնալ եւ «հեռադիտել» պատերազմը, իրենց երկրներին կոչ կանե՞ն՝ անհապաղ զենք ուղարկել Հայաստանին՝ իրենց տնտեսական գործընկեներ Ադրբեջանից ու Թուրքիայից պաշտպանելու համար: Թե՞ կփախչեն իրենց երկիր՝ հետները տանելով մտահոգությունների, ցավի, ափսոսանքի ու քննադատության արձանագրման հաստափոր տրցակներ…
Նաիրա Վանյան
