Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանրապետության դեսպանների տարեկան հանդիպման ժամանակ խոսել է աշխարհաքաղաքական տարբեր իրողություններից: Խոսել է նաեւ Ռուսաստանից, նրա հարաբերություններից ու վերջին տարիներին նրա ցուցաբերած ագրեսիայից, տարբեր երկրների ընտրություններին միջամտելուց. «Ռուսներն ապակայունացրեցին Վրաստանում ընտրական գործընթացները՝ քվեաթերթիկները լցնելով արկղերում։ Նաեւ Մոլդովայում, որտեղ նույն բանը փորձեցին ու ձախողվեցին։ Ես ուզում եմ գովեստի խոսքեր ասել նախագահ Մայա Սանդուի քաջության և ուժի մասին։ Բացի այդ, կարող եմ նշել Ռումինիայի ընտրությունները, որտեղ Ռուսաստանը չխուսափեց շահարկել ԵՄ անդամ երկրում ընտրական գործընթացը»: Մակրոնը զերծ չմնաց Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները յուրովի մեկնաբանելուց, խոսեց այն մասին, որ ՌԴ-ն դարձել է Ադրբեջանի դաշնակիցը. «Վերջին տարիներին Ռուսաստանը մեծացրել է ագրեսիան և փոխել է այս ագրեսիայի բնույթը եվրոպացիների և աշխարհի այլ մասերի նկատմամբ, միջուկային դոկտրինի առումով Ռուսաստանի վարքագծի արմատական փոփոխություն է տեղի ունեցել, որն ավելի կոշտ է դարձել։ Նա նաև շատ ավելի ագրեսիվ վերաբերմունք դրսևորեց հարևան երկրների նկատմամբ։ Սա տեսնում ենք Հայաստանում, որտեղ Ռուսաստանը հանկարծ փոխեց իր դաշինքը և դարձավ Ադրբեջանի դաշնակիցը միայն այն պատճառով, որ հայերը դիմադրեցին նրանց»:
Հարկ է նշել, որ հայ-ադրբեջանական վերջին տարիների լարվածության ֆոնին Ֆրանսիան միշտ հանդես է եկել հայանպաստ հայտարարություններով, ինչը առաջացրել է Ադրբեջանի բուռն դժգոհությունը: Այս հարթության վրա սրվել են Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունները: Մակրոնը նեղ շրջանակում անգամ դժգոհել է, որ ինքը ավելի շատ է Արցախի շահերը պաշտպանում, քան Փաշինյանը: Ֆրանսիան ու նրա նախագահ Մակրոնը, իսկապես, իրենց պահում են Հայաստանի բարեկամի եւ դաշնակցի նման:
Սակայն մի նախադասություն, որը հնչեցրեց Մակրոնը, բավական էր, որ Հայաստանի ընդդիմադիր հասարակությունը նրան ընդունի որպես Հայաստանի համար ո՛չ վստահելի գործիչ: Նա ասաց. «Ռուսաստանը, հանկարծակի դավաճանելով իր դաշինքը, աջակցեց Ադրբեջանի գործողություններին Հայաստանի նկատմամբ, քանի որ առաջին անգամ ունեցավ խիզախ վարչապետ, ով դեմ էր նրան (Ռուսաստանին)»:
Փաստորեն, Փաշինյանը, ով հլու-հնազանդ կատարում է Ալիեւի բոլոր պահանջները, տեր չի կանգնում իր երկրի սահմաններին, իր քաղաքացիներին, ովքեր գտնվում են Բաքվի բանտերում, երկիրը տանում է կապիտուլիացիայի, Մակրոնի համար վերջապես գտնված «խիզախ» վարչապետն է: Եւ խիզախ է միայն այն բանի համար, որ դեմ է դուրս եկել Ռուսաստանին եւ սրել հարաբերությունները երբեմնի դաշնակցի հետ: Ըստ Մակրոնի, փաստորեն, ՀՀ նախկին ղեկավարները, որոնց որոք Հայաստանը հաղթած երկիր էր, Արցախը՝ հայկական էր, իսկ ՀՀ սահմանները պաշտպանված, խիզախ չեն եղել միայն նրա համար, որ չեն սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Այս արտահայտությունը եւս մեկ անգամ փաստում է, որ Մակրոնը , եւ, առհասսարակ, Արեւմուտքը, Հայաստանի ու Արցախի «սիրուց» չէ, որ նման հայտարարություններ են անում, իբր սիրտները ցավում է Հայաստանի համար: Նրանց պետք է իրենց թշնամի ՌԴ-ի դեմ թշնամացնել բոլոր մեծ ու փոքր երկրներին, որոնց հնարավոր է օգտագործել իրենց աշխարհաքաղաքական շահերի համար: Նրանց նպատակն է ՌԴ-ի դեմ նոր պատերազմական օջախներ հրահրել, թեկուզ այդ երկրների կործանման ճանապարհով, այնպես, ինչպես վարվեցին Ուկրաինայի հետ:
Դեսպանը Մակրոնին չի՞ տեղեկացնում

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե ԴըԿոնտինյին բավականին հայամետ գործիչ է: Նա շատ կարճ ժամանակամիջոցում «մերվեց» հայաստանյան միջավայրին ու մտերմացավ հասարակության հետ, բաց շփումների մեջ է; Կարելի է ասել, որ դեսպանն իր հոգով ավելի հայ ու հայամետ է, քան Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը: Երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկնեց իր ստերը՝ գոյություն չունեցող «Արևմտյան Ադրբեջանի» մասին, վարչապետ Փաշինյանը չհակադարձեց ու չպատասխանեց նրան, ընդհակառակը, խայտառակ կերպով նույնացրեց կեղծ «Արևմտյան Ադրբեջանը» և «Արևմտյան Հայաստանը» ։
Մինչդեռ Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին X սոցիալական ցանցում պատասխանեց Ալիևին. «Միակն ու անկրկնելին․ Արևմտյան Ադրբեջանը Իրանի 31 նահանգներից մեկն է, որի մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքը Ուրմիան է», մեջբերումներ անելով Վիքիպեդիայից։ Նա կցեց Իրանի քարտեզը, որը ցույց էր տալիս Իրանի Արևմտյան Ադրբեջանի նահանգի գտնվելու վայրը: Համացանցում մարդիկ անգամ կատակում էին՝ դեսպանին կոչ անելով դառնալ ՀՀ վարչապետ. «Նեմեսիս Մելքոնյան» կեղծանունով հայը X-ում դեսպանին դիմելով գրեց «Կարո՞ղ եք դառնալ մեր հաջորդ վարչապետը. ներկայինը էթնիկ թուրք է»։ Նույն օրը Ֆրանսիայի դեսպանը տեղադրեց նաև Երևանի հայտնի Կապույտ մզկիթի լուսանկարը և գրեց. «Հայաստանի պարսկական ժառանգության խորհրդանիշ Երևանի Կապույտ մզկիթի պարտեզներում»։ Մինչ ադրբեջանցի մեկնաբանները կեղծորեն պնդել են, որ Կապույտ մզկիթն ադրբեջանական ծագում ունի, շատ ուրիշներ շնորհակալություն հայտնեցին Ֆրանսիայի դեսպանին այս պատմական պարսկական աղոթավայրը ցուցադրելու համար: Հայաստանում Իրանի դեսպանությունն իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի դեսպանին:
Մի խոսքով, հայամետ ու հայասեր դեսպան Դըկոնտինյին լավատեղյակ է հայաստանյան ամեն ինչից՝ պատմական եւ ներկա իրողություններից: Մի՞թե դեսպանը Մակրոնին չի տեղեկացնում, թե ինչպիսի վարչապետ է «խիզախ» Փաշինյանը, ով խիզախ է միայն իր երկրի քաղաքացիների հանդեպ, ում թելադրմամբ բռնաճնշումների են ենթարկվում իր ընդդիմախոսները, քրեական գործեր «կարվում» նրանց վրա, նռնակներ են կիրառվում խաղաղ ցուցարարների վրա, Եռաբլուրում բռնության ենթարկվում զոհվածների ծնողները, անազատության մեջ պահվում զինվորականները… Այս ցանկը երկար կարելի է շարունակել:
Դըկոնտինյին չի՞ տեղեկացնում Մակրոնին, որ Փաշինյանին «խիզախ» վարչապետ համարելով հայաստանյան հասարակության մեջ կորցնում է իր հարգանքն ու վստահությունը: Իսկ Ֆրանսիայի նկատմամբ վստահությունը դառնում է խոցելի…
