Եվ, այսպես, Փաշինյան Նիկոլը նոր իրավական նոր «տեռոր» է սկսել զինվորականների նկատմամբ: Հատկապես նրանց, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել արցախյան առաջին պատերազմին: Երեկ ձերբակալվեց Տիրան Խաչատրյանը, ում Փաշինյանն ինքն էր 44-օրյայի թեժ օրերին հերոսի կոչում տվել:
Հիշենք, որ մոտ մեկ ամիս առաջ գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը խոշոր չափերի կաշառքի գործով ճանաչվեց մեղավոր եւ դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման: Փիլոյանը նույնպես արցախյան առաջին եւ երկորորդ պատերազմների մասնակից զինվորականներից է:
Արդեն հինգերորդ տարին է, ինչ Գեներալ Անդրանիկ Մակարյանը դատական քաշքշուկների մեջ է. ԳՇ պետի նախկին տեղակալի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով՝ իշխանության անգործությունը, որը դրսեւորվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում: Մակարյանը պատահական մարդ չէ ՀՀ զինված ուժերում: Նա երբեք քաղաքականությամբ չի զբաղվել, անգամ չէր միացել Փաշինյանի հրաժարականը պահանջող հրամանատարներին, ողջ կյանքը նվիրել է բանակին եւ, ի տարբերություն մյուս գեներալների ու հրամանատարների, բանակի թալանին չի մասնակցել, ապրում է բավականին համեստ ու զուսպ կյանքով: Այդ մասին լավ գիտեն նրան ճանաչողները: Ինչեւէ, նա արդեն հինգերորդ տարին կանգնած է դատարանի առաջ:
Անհերքելի է, որ արցախյան առաջին ազատամարտի կարկառուն զինվորականները, ազատամարտիկները, Հայաստանի պետականաշինության գործում մեծ դերակատարում ունեցած մարդիկ թիրախավորված են հենց Հայաստանի իշխանության կողմից՝ դեռեւս 2018-ից ի վեր: Նրանցից ոմանք տարբեր կասկածելի եւ բացահայտ հանգամանքներում մահացան` Մանվել Գրիգորյանը, Ռուստամ Գասպարյանը, Գնել Մանուկյանը… Ցանկը կարելի է շարունակել: Շատերը տարբեր պատրվակներով իրավական հետապնդումների ենթարկվեցին: Ակնհայտ է, որ Փաշինյանն Ալիեւի կամքն է կատարում ու նրա վրեժն է լուծում Ադրբեջանին պարտության մատնած զինվորականներից: Թե՝ ինչի՞ դիմաց, կարող ենք միայն տարբեր ենթադրություններ անել:
Ակնհայտ է նաեւ, որ Փաշինյանն ու Ալիեւը պարբերաբար իրար ցուցակներ են փոխանակում` իրենց անցանկալի անձանց «հարցերը լուծելու» համար: Արցախի հայաթափման ժամանակ էլ հետաքրքիր «զուգադիպությամբ» ադրբեջանցիները գերի վերցրին հենց այն անձանց, ովքեր այստեղ կարող էին Փաշինյանի իշխանության վայելքներին խանգարել: Սակայն, անարգել սահմանն անցել են այնպիսի զինվորականներ, որոնք առաջին պատերազմի ժամանակ եղել են ադրբեջանցիների ահ ու սարսափը, ամենից շատ ադրբեջանցի կոտորած, պատերազմի բուն գործողությունների ժամանակ մեծ դերակատարություն ունեցած, օրինակ`90-ականներին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը…
Այն պահից, երբ սկսվեցին Տավուշի սահմանների հետ կապված իրադարձությունները` «սահմանազատումը», լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանն ու Ալիեւը 90-ականների պատերազմների ժամանակ Տավուշի սահմանների պաշտպանությանն ակտիվորեն մասնակցած եւ Հայաստանից դուրս ապրող անձանց ցուցակներ են միմյանց հետ փոխանակել: Թիրախավորված են հատկապես Փաշինյանի ընդդիմախոսները: Ըստ «օդում կախված» լուրերի, պայման է դրվել, որ այս անձանց` Հայաստան մուտք գործելու դեպքում նրանց ձերբակալեն: Սրանով երկու հարց կարող է լուծվել. Փաշինյանի ու Ալիեւի գծած սահմանների դեմ դուրս չեն գա այդ սահմանները արյամբ գծած մարդիկ: Բացի այդ` Ալիեւը կլուծի իր երեսնամյա վրեժը: Չի բացառվում, որ ինչ որ ժամանակ անց այդ մարդկանց Փաշինյանը (եթե մնա իշխանության) կուղարկի Բաքու` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների մոտ…Ի վերջո, արդեն փաստ է, որ նախկին ՀՀ նախկին ականավոր զինվորականները Փաշինյանի ձեռամբ կա՛մ բանտում են, կա՛մ գերեզմանում, կամ Բաքվում…
