Այսօր առավոտյան ձերբակալվել է «ազգային հերոս» Տիրան Խաչատրյանը։ Ըստ ամենայնի, նրան կկալանավորեն:
ՀՀ քննչական կոմիտեում կատարվում են վարութային եւ դատավարական գործողություններ։ «Հաշվի առնելով, որ քրեական վարույթը գաղտնի է, առկա են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, այս պահին զերծ կմնանք տեղեկատվություն տրամադրելուց, միայն հաստատում ենք, որ կա ձերբակալված անձ»,-ասել է Կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:
Խաչատրյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը հայտնում է, որ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով:
«Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների: Նախաքննական և ռազմական գաղտնիքի ներքո, այս փուլում չենք կարող ավել մանրամսներ հաղորդել, սակայն կրկնում ենք` Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և նույն հանգամանքների վերաբերյալ քանիցս տվել է սպառիչ և հանգամանալից նախաքննական ցուցմունքներ ու որևէ կերպ չի խոչընդոտել նախաքննությանը: Կալանքի վերաբերյալ միջնորդության նիստի ժամի և վայրի մասին կհաղորդենք իմանալուն պես: Խնդրում ենք այս փուլում բավարարվել պաշտպանական խմբի հայտարարություններով, որոնք պարբերաբար կլրացվեն ըստ անհրաժեշտության»,-գրել է նա:
