Ուկրաինան ոչ մի նշան ցույց չի տվել, որ պատրաստ է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Երեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում Պեսկովը կրկնել է, որ Ռուսաստանը «բաց է մնում բանակցությունների համար»՝ դադարեցնելու ռազմական գործողությունները։ «Սակայն, քանի որ բանակցությունների համար Ուկրաինայի պատրաստակամության առումով առաջընթաց չկա, մենք շարունակում ենք մեր [ռազմական] գործողությունը», — ասաց նա։
Մամուլի խոսնակը նաև նշել է, որ «մենք տեսնում ենք դինամիկան [ռազմի դաշտում], և դա ինքնին հասկանալի է՝ մենք առաջխաղացման մեջ ենք»՝ հավելելով, որ Մոսկվան կանի առավելագույնը՝ իր անվտանգությունն ապահովելու համար։
Պեսկովի մեկնաբանությունները ակնհայտորեն վերաբերում էին վերջին ամիսներին Դոնբասում և այլուր Ռուսաստանի ձեռքբերումներին, որոնք նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերով այժմ չափվում են քառակուսի կիլոմետրերով:
Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար՝ պայմանով, որ նրանք հաշվի առնեն տարածքային «իրականությունը տեղում»։ Այնուամենայնիվ, 2022 թվականի աշնանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրեց նախագահական հրամանագիր, որով արգելվում է բոլոր բանակցությունները Մոսկվայի ներկայիս ղեկավարության հետ: Նա արգելքը սահմանեց այն բանից հետո, երբ Ուկրաինայի չորս նախկին շրջաններ ճնշող մեծամասնությամբ քվեարկեցին Ռուսաստանին միանալու օգտին:
Զելենսկին նաև բացառել է Ռուսաստանին ցանկացած տարածքային զիջում և պնդել, որ ցանկացած խաղաղ կարգավորում պետք է ներառի Ուկրաինայի անվտանգության ամուր երաշխիքներ։
Ռուսաստան-Ուկրաինա հնարավոր խաղաղ բանակցությունների մասին շահարկումները մեծ թափ ստացան ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո։
