Երկճյուղ հայերենի փոխարեն միասնական մեկ հայերեն՝ գրաբարի միջնորդ դատավորությամբ

Հայաստանի Ազգային գրադարանի Թամանյանական Մեծ դահլիճում օրերս կայացավ համաժողով՝ նվիրված  արեւելահայերենի եւ արեւմտահայերենի բաժանված  լեզուն միասնական գրական հայերենով փոխարինելու կարեւորությանն ու անհրաժեշտությանը: Համաժողովը կայացավ Նյու Յորքի Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ, բառարանագետ, ազգային-հասարակական գործիչ  Հակոբ Այնթապլյանի նախաձեռնությամբ: Համաժողովին ներկա էին լեզվաբաններ, գրականագետներ, ԵՊՀ բանասիրության ամբիոնի դասախոսներ, ուսուցիչներ, ուսանողներ: Դոկտոր Այնթապլյանն իր խոսքն սկսեց  իր գործընկեր, գրականագետ Սերժ Սրապիոնյանի մահվան առընչությամբ  ցավակցական ու հիշատակի խոսքեր ասելով: Դահլիճը մեկ րոպե լռությամբ հարգեց նրա հիշատակը: Այնուհետեւ խոսվեց երկճյուղված՝ արեւելահայերենի եւ արեւմտահայերենի բաժանված հայերենը մեկ միասնական լեզվով փոխարինելու կարեւորության մասին:

Դոկտոր Այնթապլյանն իր խոսքում ասաց, որ երկճյուղ հայերենը՝ առաջացել է պատմական  եւ քաղաքական պատճառներով. «Վարչարարական մի շրջանն ընդունեց արեւելահայերենը, որը հիմնականում ռուսական, սովետական կարգերի եւ լեզվամտածողության ազդեցության տակ էր: Մինչ ՀՀ անկախացումը քաղաքական պայմաններն անբարենպաստ են եղել երկատված լեզուն միավորելու»:

«Բայց հիմա, ունենալով ազատ  ու անկախ Հայաստան, ինչու՞  պիտի չունենանք նույն լեզուն, նույն քերականությունն ու նույն ուղղագրությունը: Մենք չե՞նք ուզում ազգային միասնություն: Մեր հեռանկարը ի՞նչ է, երկու  գլխանի հրե՞շ: Ի՞նչ առավելություն է ունենալ երկճյուղ հայերեն, երկու ուղղագրություն: Ի՞նչ է այս երկճյուղ  հայերենի ապագան: Արաբները քսանհինգ երկրների մեջ են ապրում, 300 մլն-ից ավելի են, ունեն մեկ գրական արաբերեն: Ինչու՞ հայերենը չունենա մեկ գրական  աշխարհաբար հայերեն, որպեսզի հայ ազգը դառնա միասնական: Թշնամու դեմ կռվելու  համար միայն զենքը բավարար  չէ, ազգային միասնական ոգի պետք է լինի՝ նույն բառերը, նույն քերականությունը, որպեսզի իրար հետ հաղորդակցվելու դժվարություն չունենանք: Կարծրատիպեր, կաղապարված հոգեբանական մտայնություններ ունեցողներն ասում են, որ մենք  բաժանված ենք, մենք ունենք  պետություն, որն այս քերականությունը կգործածե: Ու, որպես հայերեն, գործածում ենք ռուսախառն, թրքախառն, պարսկախառն բառեր: Ժամանակն է, որ մենք ինքներս մեզ մաքրագործենք, մաքրենք մեր լեզուն օտարաբանություններից, որպեսզի Հայաստանի դպրոցներում եւ սփյուռքի դպրոցներում նույն քերականությունը սովորեցնեն, նույն բառերը ու նույն ուղղագրությունը գործածեն, որոնք տասնվեց դար գործածել ենք:  Դա կտարածի ազգային միասնության ոգին: Սփյուռքը գոյատեւած է երեք հիմքի վրա՝ լեզու, կրոն, մշակույթ:  Չի ունեցել հայրենիք, բայց գոյատեւել է».- իր ելույթում  ասաց դոկտոր Այնթապլյանը:

Բանախոսը, ներկայացնելով «Միասնական  Գրական Հայերէնի Քերականություն» գիրքը, ասաց.«Այս գրքի մեջ ամփոփված են այդ երկու ճյուղերի՝ արեւելահայերենի եւ արեւմտահայերենի առավելությունները: Մի խումբ հայագետներ կազմել ենք այս  միասնական, գրական հայերենի քերականությունը, որպեսզի աշխարհի հայերը,  այս քերականությունը սովորելով, վերադառնան իրենց արմատներին,  որ հայերս մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ լեզու եւ մեկ ուղղագրություն ունենանք: Երկու ճյուղերի առավելությունները մենք հավաքել ենք եւ կազմել միասնական գրական աշխարհաբար հայերեն»: Այդ աշխատության վրա Այնթապլյանի հետ միասին աշխատել են  գրականագետ Սերժ Սրապիոնյանը, լեզվաբան Արմենակ Եղիայեանը, պատմալեզվաբան Արմէն Միքայելյանը, բանասեր, դոկտոր Գինաս Կոճայանը, Մխիթարյան միաբանության միաբան  Հայր Վահան Ծ. Վրդ. Օհանյանը: Գիքրը հրատարակվել է Հակոբ եւ Լուտովիկա Այնթապլյանների կողմից:

Համաժողովին ելույթ ունեցան նաեւ պատմալեզվաբան Արմեն Միքայելյանը,  ԵՊՀ Հայոց լեզվի պատմության եւ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, դոցենտ, բ.գ.թ.  Նարինե Դիլբարյանը: